Իրանը հանդես է գալիս ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունների հետաքննության հատուկ խումբ ստեղծելու օգտին: Այս հայտարարությունն այսօր Բաքվում կայացած մամլո ասուլիսում արել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հայտնում է ИТАР-ТАСС-ը: «Անհրաժեշտ է ստեղծել սեպտեմբերի 11-ի իրադարձությունների հետաքննության չեզոք, համընդհանուր վստահություն վայելող խումբ»,- ասել է Ահմադինեժադը: Նա ընդգծել է, որ դա օգուտ կբերի բոլորին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին, եւ թույլ կտա պատժել իսկական մեղավորներին: Նրա խոսքով, այդ իրադարձությունների պատրվակով «տարածաշրջանը բռնազավթվեց, սպանվեց ավելի քան 1 մլն մարդ, հարյուրապատիկ ավելացան սպառազինությունները, վնաս հասցվեց անվտանգությանը, ահաբեկչությունն էլ ավելի մեծ թափ առավ»: «Մենք ցանկանում ենք, որ այդ հարցը լուծվի արմատապես: Անհրաժեշտ է օբյեկտիվորեն քննել այդ իրադարձությունները, արդար դատ է հարկավոր: Այդժամ տարածաշրջանում կայունություն կհաստատվի»,- նշել է Ահմադինեժադը: