ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել դատարանի գործունեությանը միջամտելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը:
Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առիթով 03.08.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին: Նույն օրը հիշյալ գործի շրջանակներում Արմեն Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով միջամտել է դատարանի գործունեությանը:










































