ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին (Jamie Shea) այսօր պատասխանելով Մեդիամաքսի հարցին ասել է, որ Դաշինքն իր առջև նպատակ չի դրել «փոխարինել» ԵԱՀԿ Մինսկի խումբը և պատրաստ չէ քննարկել Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ գործողությանը իր մասնակցության «հիպոթետիկ հավանականությունը»:
Նրա խոսքերով, խաղաղապահ գործողությանը ՆԱՏՕ-ի մասնակցության հավանականության քննարկման համար մի շարք բաղադրիչներ են անհրաժեշտ. նման խնդրանքով հակամարտության կողմերի դիմելը, համապատասխան միջազգային մանդատի առկայությունը, նման գործողությանը ՆԱՏՕ-ի անդամ-երկրների մասնակցության համաձայնությունը:
«Երբ ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ էի աշխատում՝ հաճախ ասում էի, որ նախընտրում եմ չպատասխանել հիպոթետիկ հարցերին: Կարծում եմ, որ այսօր կարող եմ ասել նույնը, չնայած որ այժմ այլ պաշտոն եմ զբաղեցնում»,- ասել է Ջեյմի Շին: