«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Եվրասիական ռազմավարություններ» ՄՄՀՊԻ խորհրդատվական գործակալության նախագահ, «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի ծրագրային տնօրեն Անդրեյ Սուշենցովը։
-Պարոն Սուշենցով, ռուսաստանյան մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում Հայաստանի նոր իշխանությունների գործունեության, կադրային քաղաքականության վերաբերյալ, և հաճախ մենք հակաքարոզչության ականատեսն ենք լինում։ Ի՞նչ մտավախություններ կան Մոսկվայում։
–Ես մեծ նշանակություն չէի տա ռուսաստանյան մամուլի առանձին հրապարակումներին։ Ռուսաստանում, ինչպես և ամենուր, քննարկումներ են ընթանում, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Շատերի համար մինչև վերջ հասկանալի չէ, նույնիսկ հայաստանյան իմ գործընկերները իրավիճակը պարզ չեն հասկանում։ Անհասկանալի ինչ-որ բանին արձագանքը, սովորաբար, կոնսերվատիվ է լինում, միշտ սպասվում է, որ փոփոխությունները կարող են դեպի վատը լինել։ Ես կարծում եմ՝ շատ ճիշտ է, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքական կուրսի պահպանության մասին և կատարում սիմվոլիկ քայլեր, որոնք միտված են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը։ Ռուսական կողմից այդ հայտարարությունները ամբողջությամբ ընկալվում են, և դրա մասին է վկայում բարձր մակարդակով հանդիպումները Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի միջև։ Այս կարճ ժամանակահատվածում երկու հանդիպում արդեն իսկ տեղի է ունեցել։ Կարելի է ասել, որ հիմա ծանոթություն է ընթանում Հայաստանի նոր էլիտայի հետ։ Ռուսաստանի համար կարևոր է, որ փոփոխությունները կրեն սահմանադրական բնույթ, բռնություն չլինի։ Իշխանության փոխանցումը ևս խաղաղ եղավ, դա էլ ցույց է տալիս հայաստանյան էլիտաների հասունությունը և ընդգծում, որ կա կոնսենսուս ազգային շահերին համահունչ գործելու շուրջ։
-Անդրադառնանք վերջերս շրջանառվող այն թեզին, թե Սերժ Սարգսյանը պատրաստվում էր գնալ հակամարտության կարգավորմանը և ըստ այդմ խոստացել էր հինգ շրջան հանձնել։ Դուք կարծում եք՝ մո՞տ էր խնդրի կարգավորումն իր իշխանության օրոք։
–Այդ նախնական պայմանավորվածություններն իսկապես կային և եթե դրանք ի կատար ածվեին, ապա դա կնպաստեր լարվածության թուլացմանը։ Մարտական, ռազմական լարվածությունը և էսկալացիան Ադրբեջանի կողմից ազդակ է, որ ստատուս-քվոն իրենց համար ընդունելի չէ։ Եվ ամենավատ դեպքում դա բերում է մի վիճակի, ինչպիսին էր Քառօրյա պատերազմը։ Օգտակար կլիներ, եթե բանակցային գործընթացը շարունակվեր և դրան որոշակի դինամիկա հաղորդվեր։ Նախորդ իշխանությունը հաճախ էր ասում՝ ներքաղաքական հարցերից ելնելով այդ դինամիկան հնարավոր չէ։ Եվ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների տրամադրություններից երևում է, որ մարդիկ պատրաստ չեն կարգավորման. դա երկու կողմերի համար ամենակարևոր զսպող հանգամանքն է։ Եվ այս տեսակետից արտաքին խաղացողները հայ կամ ադրբեջանցի հասարակություններին չեն կարող խաղաղություն պարտադրել։ Առանց բարի կամքի դա տեղի չի ունենա։
-Դուք գիտեք, որ մասնավորապես հայ հասարակությունը շատ ցավոտ է այդ հարցը ընդունում, և մարդիկ դեմ են տարածք հանձնելուն։ Այն, որ այսօրվա վարչապետն ունի ներքին լեգիտիմություն, թույլ կտա նրան գնալ կարգավորման փոխզիջումային տարբերակով։ Գուցե հասարակությունը ների՞ լեգիտիմ առաջնորդին։
-Բարդ հարց է։ Իհարկե ցանկացած առաջնորդ, որն իր վրա կվերցնի նման պատասխանատվություն՝ հասարակությունը միանշանակ չի ընդունի։ Հասկանում եմ երկու կողմերի կասկածները, ադրբեջանցիներն էլ մաքսիմալիստական պահանջներ են ներկայացնում, ու հարցը միայն հինգ շրջանով չի ավարտվի։ Իրավիճակը դառնում է փակուղային։ Իսկապես բարդ է, ցանկացած լիդեր ունի մտավախություն, որ կարող է շատ հեշտ կորցնել հասարակության վստահությունը։
-Շատ է խոսվում, որ Մոսկվան առանձին պլան ունի կարգավորման՝ Լավրովի պլան, կարծում եք՝ իսկապե՞ս Մոսկվան այս հարցում Մինսկի խմբին զուգահեռ աշխատանք է տանում։
-Կարծում եմ՝ Մինսկի խմբից առանձին պլան չկա, այն որ հայկական մամուլը կոչում է Լավորվի պլան, ընդամենը նրա մամլո ասուլիսից մի արտահայտություն է։ Իրավական ձևակերպում չկա, Ռուսաստանը ներկայացնում է Մինսկի խումբը, պարզապես, երևի թե այդ խմբից ամենաշատն է հետաքրքրված հակամարտության կարգավորմամբ, որովհետև Հայաստանը դաշնակից է, իսկ Ադրբեջանը կարևոր հարևան։ Մենք չենք կարող թույլ տալ Ղարաբաղյան հակամարտության հարցում էսկալացիա։ Այդ պատճառով էլ Ռուսաստանը բոլորից ավելի ակտիվ է ու ավելի շատ է ուշադրություն դարձնում, հարթակ է տալիս երկու կողմերի բանակցությունների համար, բայց առանց իրենց կամքի ոչինչ հնարավոր չէ։
-Պատերազմի հավանականությունը ևս բացառված չէ, նման հեռանկարի դեպքում Մոսկվան ի՞նչ դիրքորոշում կունենա։
-Իհարկե, դա ամենավատ սցենարն է, և չէի ցանկանա այն կանխատեսել։ Ես կարծում եմ՝ մասնակիցներից ոչ մեկը կարգավորումը պատերազմով չի տեսնում։ Պատերազմը կկոտրի այսօրվա ստատուս-քվոն ու նորից կբերի կարգավորման՝ գուցե այլ պայմաններով։ Մոսկվան կկատարի դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, բայց ամենակարևոր խնդիրը պատերազմ թույլ չտալն է, երկու կողմին էլ դրա հետ կապված ազդակ կհղվի։











































