«Առաջին լրատվական»-ը «Ուրբաթ» ակումբում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ «Մեկ ազգ» կուսակցության նախագահ Գոռ Թամազյանից հետաքրքրվեց, թե արդյոք ֆաշիզմի դրսևորում չէ՞, երբ «Մեկ ազգ»-ը ազատ մամուլի մասին վիրավորական արտահայտություններով համեմված թռուցիկներ է փակցնում քաղաքի պատերին: «Ազատ մամուլը ո՞րն է: Այն թերթերը, որոնք վերահսկվում են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմի՞ց: Նրանք ուղղորդվում են գաղափարապես, և դա կոչվում է «լևոնական մամուլ»: Նրանք, որոնք ուղղորդվում են իշխանության կողմից, իշխանամետ են: «Հայկական ժամանակ», «Հրապարակ», «Չորրորդ իշխանություն», «Առավոտ» թերթերը արբանյակային թերթեր են, որոնք աստվածացնում են Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները»,- ասաց նա: «Մեկ ազգ»-ի ղեկավարը հիշեց, թե ինչպես է տարիներ առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը զրպարտել իր ազգանվեր գործունեությունը: Նա չմանրամասնեց, թե որն է իր ազգանվեր գործունեությունը, այլ բավարարվեց նշելով, որ չի կարող պայքարել բոլոր ճակատներով և հասցնում է պայքարել միայն Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ: Ռուբեն Գևորգյանցն էլ արձագանքեց, որ կա մոտ տասը ընդդիմադիր թերթ: «Առաջին լրատվական»-ի դիտարկմանը, որ չկա որևէ ազատ հեռուստաալիք, և բոլորը վերահսկվում են ՀՀ նախագահի նստավայրից, վերջինս արձագանքեց. «Այ դուք զուտ լևոնական հարց եք տալիս: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք քանի՞ ընդդիմադիր թերթ կար»: «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց նաև, թե քաղբանտարկյալներին անազատության մեջ պահելը և նրանց խոշտանգելը ուժեղացնո՞ւմ են մեր պետականությունը, հանուն որի պայքարում է Գոռ Թամազյանը: Հավաստիացրեց, որ կալանավայրում խոշտանգումները համարում է հակամարդկային, հակապետական և հակաիրավական: