Անկարայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում 3 հայ բռնցքամարտիկներ երեկ 1/8 եզրափակիչում առավելության են հասել մրցակիցների նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Մինչև 64 կգ քաշային կարգում Հրաչիկ Ջավախյանը 14:11 հաշվով հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Ռամաշկևիչին և քառորդ եզրափակիչում կհանդիպի անգլիացի Թոմաս Սթալքերի հետ:
Մինչև 75 կգ քաշային կարգում Արթուր Խաչատրյանը 1/8 եզրափակիչում 15։9 հաշվով պարտության է մատնել մակեդոնացի Ֆալտում Ժուտային և քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Վրաստանի ներկայացուցիչ Զոլտան Հարցայի հետ։
Մինչև 60 կգ քաշային կարգում Վլադիմիր Սարուխանյանը 1/8 եզրափակիչում 22։14 հաշվով առավելության է հասել դանիացի Ռաշադ Կասեմի նկատմամբ և քառորդ եզրափակիչում կհանդիպի Անգլիայի ներկայացուցիչ Մարտին Ուորդի հետ:
1/8 եզրափակիչ դուրս եկած հայ բռնցքամարտիկներից պարտություն է կրել միայն մինչև 54 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովը, որը 23:10 հաշվով զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլյանսկուն: