1789թ-ի հուլիսի 14-ին Փարիզի ապստամբած բնակիչները գրավեցին քաղաքական բռնապետությունը մարմնավորող Բաստիլի բանտ-ամրոցը` սկիզբ դնելով Ֆրանսիական Մեծ հեղափոխության, որը շարունակվեց մինչև 1799 թվականի նոյեմբերի 9-ը (բրյումերի 18)։ 1880 թ-ից Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրը նշվում է որպես ազգային տոն։
Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը համաշխարհային պատմության շրջադարձային իրադարձություն է, որը քաղաքական, քաղաքակրթական առումով փոխեց աշխարհը, դրեց այն արժեքային համակարգի հիմքը, որի վրա խարսխված են ժամանակակից դեմոկրատական պետությունները:
Ազատության, հավասարության, եղբայրության կարգախոսներով հեղափոխությունը ոչնչացնում էր այն ամենը, ինչ կապված էր հին կարգերի հետ։ Հեղափոխության մասնակիցները ձգտում էին կառուցել ազատ դեմոկրատական պետություն։
Ֆրանսիացիների այդ ձգտումը չսահմանափակվեց տարածության և ժամանակի մեջ` ֆրանսիական հեղափոխության նախադեպը ուղենշային դարձնելով շատ պետությունների և հասարակությունների համար:
Ազատության համար պայքարն ակտուալ է, քանի դեռ աշխարհում գոյություն ունեն ռեժիմներ, որոնք կարծում են, թե իրենք անընդհատ են` սահմանափակելով մարդկանց հիմնարար ազատություններն ու իրավունքները: Մարդիկ միշտ ձգտելու են հեղափոխության, քանի դեռ հասարակության մեջ կան արտոնյալ խմբեր, հարստահարում, թալան, կոռուպցիա, բիրտ ուժի ֆետիշացում և հազարավոր մարդկանց նվաստացում: Մարդիկ ձգտում են ունենալ ինքնադրսևորման հավասար պայմաններ, որոնք տրված են ի վերուստ և ազատ մրցակցության կարևոր նախադրյալն են: Եվ վերջապես` զարգացման ռեսուրս ունեն այն պետությունները, որոնք երկրի ներսում քանդում են բարիկադները` ստեղծելով հասարակության համաձայնության արդյունավետ մոդելներ:
Ակնհայտ է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության, այսպես կոչված, քաղաքակրթական կապը ֆրանսիական Մեծ հեղափոխության հետ: Հայաստանում ամրոցներ չգրավեցին, չեղան մարդկային զոհեր, գիլյոտիներ և արյուն և, բարեբախտաբար, մեր հեղափոխությունը բացառիկ խաղաղ էր` ունիկալ երևույթ առնվազն հետխորհրդային տարածքում: Հայկական հեղափոխությունը բացառիկ էր իր ձևով, բովանդակությամբ, սակայն ակնհայտ է դրա քաղաքակրթական կապը համաշխարհային առաջադեմ իրադարձությունների, մարդկության պատմության լուսավոր էջերի հետ:
Հայաստանի հասարակության պայքարն ազատության համար էր, որի ճանապարհին դևի պես կանգնած էր շարունակական վերարտադրության մոլուցք ունեցող իշխանությունը: Հայաստանի հասարակության հիմնական թիրախը քրեաօլիգարխիան էր` քաղաքացու արժանապատվությունը նսեմացնող բիրտ համակարգով, և մեր հասարակությունը հաղթեց այդ համակարգին` հասարակության սուբեկտության, կոնսոլիդացիայի վերականգնման շնորհիվ:
Հայաստանի «Բաստիլը» Բաղրամյան 26-ն էր` քրեաօլիգարխիայի իշխանության, բեսպրեդելի, ընչաքաղցության, վերարտադրության խորհրդանիշը: «Հայկական Բաստիլը» կապիտուլացվեց առանց որևէ կրակոցի ու գրավման` խոնարհվելով Հայաստանի հպարտ քաղաքացիների, նրանց հեղափոխության առջև:











































