Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) իր քաղաքական թև հանդիսացող «Քրդստանի համայնքների միության» (KCK) միջոցով մի հայտարարություն է տարածել, որում երկու նախապայման է առաջադրել զինադադարի պահպանման համար.
ա) Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) նորընտիր կազմով պետք է Թուրքիայի ամենակարևոր ու ռազմավարական խնդիր հանդիսացող «քրդական հարցի» ժողովրդավարական (սահմանադրական ճանապարհով) կարգավորման համար դիմի 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող PKK հիմնադիր, քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանին և դրա համար պետք է ապահովի համապատասխան պայմաններ
բ) Թուրքական պետությունը վարչապետի կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով պետք է «քրդական հարցի» կարգավորման ուղղությամբ երկխոսություն սկսի՝ խաղաղության ուղիների փնտրման և ոստիկանական ու ռազմական գործողությունների կասեցման համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները որպես PKK-ի զինադադարի պահպանման վերջնաժամկետ էին նշում մե՛րթ հունիսի 15-ը, մե՛րթ օգոստոսի 15-ը։