Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, Ստամբուլի 1-ին ընտրատարածքում կայացած վերահաշվարկի արդյունքները վկայել են այն մասին, որ այնուամենայնիվ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավորական թեկնածու Հայրեթթին Նուհօղլուն չի անցել խորհրդարան։
Դա նշանակում է, որ նրա փոխարեն խորհրդարան է անցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորական թեկնածու Մուհամեդ Բիլալ Մաջիդը, ով հանդիսանում է ամենաերիտասարդ (27 տարեկան) թուրք պատգամավորը ներկայիս խորհրդարանում։
Հիշեցնենք, որ առավել վաղ թուրքական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին այն մասին, թե ԱՇԿ-ի բողոքարկման արդյունքում որոշվել էր, որ Նուհօղլուն է անցել խորհրդարան, ինչը վերջին հաշվով չհաստատվեց։
Ներկայումս Թուրքիայի 550 հոգանոց Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) ունի հետևյալ պատկերը. ԱԶԿ` 326 մանդատ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն (ԺՀԿ)՝ 135 մանդատ, ԱՇԿ՝ 53 մանդատ, քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցություն (ԽԺԿ)՝ 36 մանդատ։
Ի դեպ, հոկտեմբերի 21-ին Թուրքիայում տեղի ունեցավ սահմանադրական ուղղումների հանրաքվեն, որի արդյունքներով հաստատվեց , որ խորհրդարանականների լիազորությունները կրճատվեցին մեկ տարով (5-ից նվազեց 4-ի) և խորհրդարանական դառնալու տարիքը 30-ից իջեցվեց մինչև 25-ի։