Լուրեր
ԵԿՄ ընտանիքը պահելու համար պետք է նախագահ առաջադրել Արամ Զ․ Սարգսյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:

Հարգելի՛ Հայրապետյան, ի՞նչ է կատարվում ԵԿՄ-ում:

– ԵԿՄ-ն իր ամենօրյա աշխատանքն ունի, բայց վերջերս այլ ռեժիմով ենք աշխատում, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում, ինչ տեսանք՝ կապված Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերվածի հետ, վրդովեցրել է երկրապահ կամավորականներին: Այդ ամենը, ԵԿՄ ցանկացած անդամի հավաստմամբ, ստվերում է երկրապահի մաքուր, ազնիվ կերպարը:

Այն, ինչ տեսաք, իսկապես նորությո՞ւն էր Ձեզ համար:

– Իհարկե, նորություն էր: Դրա համար ինքնաբուխ հավաք տեղի ունեցավ:

– Դուք երբևէ Մանվել Գրիգորյանի առանձնատանը չէիք եղե՞լ այս ընթացքում:

– Առանձնատանը լինելն այլ բան է, այդ պահեստային մասերում լինելն այլ բան: Ես առանձնատանը եղել եմ, երբ որ այնտեղ ինչ-որ միջոցառում է եղել, վերջին անգամ  անցած գարնանը մատաղի միջոցառման եմ մասնակցել այնտեղ: Բայց ինձ չի հետաքրքրել, թե նա իր ավտոտնակում կամ պահեստային մասերում ինչեր է պահում: Նաև պետք է մարդու մտքով ինչ-որ բան անցնի, որ ուշադիր նայի՝ այնտեղ ինչ-որ բան կա, թե չկա:

Մեր առաջ ակտիվը խնդիր դրեց դատապարտել երևույթը: Մեր ինքնաբուխ հավաքին մասնակցեցին ԵԿՄ նախկին և ներկա անդամները, հրամանատարներ, որոնք ԵԿՄ-ից առանձնացել, ՀԿ-ներ էին ստեղծել:

Դա էլ իր հիմքերն ունի, որ առանձնացել են: Դա վերագրվում է ԵԿՄ պահվածքին:

– Մի մարդու պահվածքով ԵԿՄ հիմնադիրը կամ ջոկատի հրամանատարը չպետք է գնա, այլ պետք է մնա, պայքարի այդ կառույցն իր ուզած ձևով… բայց դա իրենց խնդիրն է:

Մարդիկ ասում են, որ ԵԿՄ-ում անձնիշխանություն էր հաստատվել:

– Դե եթե մի հոգին կարող է անձնիշխանություն ստեղծել, և դաշտային հրամանատարները, կարկառուն դեմքերը պիտի թղնեն գնան, ում հույսին են թողնում, ժամանակին եթե լիներ համառ պայքար, այն, ինչ հիմա ենք նախատեսում անել, վաղուց արված կլիներ: ԵԿՄ-ն հայտարարություն է ընդունել, որով դատապարտում է ոչ միայն այդ երևույթը, այլ երկրում տեղի ունեցող ցանկացած բացասական երևույթ: Պետք է հասկանալ, որ իրողություն է փոխվել, և եթե մենք ժամանակին հնարավորություն չենք ունեցել ազատ խոսելու, հիմա կարող ենք քննադատել երկրում տեղի ունեցող ցանկացած բացասական երևույթ: Երկրորդ կետով կասեցվել են վարչության նախագահի լիազորությունները և երրորդ կետով հանձնարարվել է փոխնախագահներին ակտիվի հետ ստեղծել նախաձեռնող խումբ և հրավիրել վարչության նիստ, որը պետք է հայտարարի համագումարի օրը: Ըստ կանոնադրության՝ համագումար հրավիրելու երեք ճանապարհ ունենք. կանոնադրությունը ՀԿ-ների մասին օրենքից է բխում, առաջինը՝ նիստը կայանում է անդամների մեկ երրորդի մասնակցությամբ, երկրորդը՝ վարչության անդամների կեսից ավելիի մասնակցությամբ կայանում է նիստը երկու երրորդով, և երրորդը՝ վերստուգիչ հանձնաժողովի պահանջով: Մենք հայտարարել ենք, որ ողջամիտ ժամկետում պետք է հրավիրենք վարչության նիստ, որը կհայտարարի համագումարի մասին:

Մոտավորապես երբ կկայանա նիստը:

– Խնդիրը հետևյալն է. մենք պետք է նախապատրաստվենք:

Հարգելի Հայրապետյան, իսկ Մանվել Գրիգորյան հիմնադրամն ինչո՞վ է զբաղվել, որը գործում է 2013-ից:

– Այ դա ինձ համար նորություն էր: Չեմ կարծում, որ երկրապահական շրջանակներով այդ հիմնադրամը բացված կլինի: Մեզ չառնչվող բան է: Այնուամենայնիվ ինձ համար զարմանալի էր այդ հիմնադրամի մասին լսելը, ինչպես նաև զարմանալի էր այն, ինչ հայտնաբերվել է Գրիգորյանի պահեստամասերում: Չի կարելի, որ Արցախի հերոս մարդը, ես չեմ ուզում հիմա մեղադրել, բայց եթե նրա առանձնատան պահեստային մասում է եղել, նա պետք է որ տեղյակ լիներ և արգելեր նման բաները, եթե անգամ ուրիշն է արել: Ես դատավոր չեմ, չեմ կարող հիմա դատել:

Բայց անգամ մտածում եք, որ նա տեղյակ չի՞ եղել:

– Անկեղծորեն, այո: Ուզում եմ չհավատալ, որ Մանվել Գրիգորյանը նման բան է արել:

Մյուս դեպքում՝ մարդու մտքով անցնում է առյուծին կերակրել, բայց երկրապահ կամավորականի հաշվին, որը օրվա փողը չի կարողանում հայթայթել:

– Իհարկե, սա դաժան բան է, մարդու բանականության մեջ անգամ չի տեղավորվում, որ զինվորի բաժինը կարելի է տալ գազաններին: Մենք էլ ենք ժամանակին զինվոր եղել: Եթե ապացուցվի նման մեղավորությունը, ով ուզում է լինի, ես համաձայն չեմ դատական նիստով պատժելուն, նման արարք կատարողի դատաստանը պետք է ժողովուրդն անի՝ հրապարակայնորեն:

– Ինչո՞ւ է ՀԿ-ն իշխանության կողքին:

– Դուք նկատի ունեք 2012թ. խորհրդարանական ընտրությունները և դրան հաջորդած նախագահական ընտրություննե՞րը:

– Այո՛:

– ԵԿՄ-ն պետականամետ կազմակերպություն է, մենք պետք է լինենք պետության կայացման ակունքներում, պետք է լինենք պետության կողքին՝ երկրի անվտանգության խնդիրներում: 1998-ին Վազգեն Սարգսյանի հանձնարարությամբ՝ ՀՀԿ-ն նորովի ձևավորվեց՝ Երկրապահի քաղաքական մասով, Կոտայքի մարզում այդ ջատագովներից էի նաև ես, ինձ և Սասուն Միքայելյանին հանձնարարվեց: Մենք կարողացանք սպարապետի հանձնարարությունները պատվով կատարել: Բայց ընդհանուր առմամբ, որ կանգնել ենք ՀՀԿ-ի կողքին, այդպես չի եղել, մենք ունեցել ենք ոչ միայն ՀՀԿ-ական, այլ նաև այլ կուսակցությունների անդամներ, նրանցից որևէ մեկին չի պարտադրվել ՀՀԿ-ին ձայն տալ:

ԵԿՄ-ն ՀԿ է, բայց ֆինանսավորվել է պետության կողմից, դա ձեզ չի՞ զարմացրել:

– Իհարկե չէ: Ենթադրաբար, լիազոր մարմինների հետ լիազորագրեր կային ստորագրված, որոնց հիման վրա ֆինանսավորումներ էին լինում՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար…

– Հիմա շատ տարածված կարծիք կա, որ ԵԿՄ-ն իր գործը կատարել է, և պետք է վերանայել ԵԿՄ-ի ստատուսը, պե՞տք է լինի ԵԿՄ-ն, թե՞ ոչ:

– Ես հակառակն եմ մտածում: Մեկ կամ մի քանի անդամի արարքի համար չի կարելի այսպիսի կառույցը… պետք է իր միսիան ավարտի:

Հիմա ինչ միսիա ունի ԵԿՄ-ն: Մանավանդ, որ նոր իշխանությունը չի թաքցնում, որ ԵԿՄ-ի կարիքն ինքը չի զգում:

– Ինձ համար նորություն է, որ նոր իշխանությունը չի զգում ԵԿՄ-ի կարիքը: Պետք է մնա ԵԿՄ-ն՝ որպես այդպիսին… ԵԿՄ-ն ոչ թե պիտի լուծարվի, այլ պետք է նորոգվի, և վարչության կազմում պետք է լինեն մաքրամաքուր մարդիկ: Կառավարման խումբ պետք է ստեղծել՝ 5 կամ յոթ հոգանոց… Եվ ԵԿՄ հեռացած անդամները պետք է գան, միավորվեն և այդ կառույցը ՊՆ նախարարության ներքո պետք է լինի, դառնա վերահսկելի:

Ում թեկնածությունը կառաջադրեիք որպես ԵԿՄ նախագահ:

– Եթե գնանք ԵԿՄ նախագահ առաջադրելուն, ես կառաջադրեի Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը՝ թեկուզ հենց միայն նրա համար, որ նա Հայաստանի և Արցախի հերոս, ԵԿՄ հիմնադիր և նրա հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի եղբայրն է: Ա. Սարգսյանը ԵԿՄ վարչության անդամ է: Ճիշտ կլիներ, որ նա գար ու շարունակեր այս ընտանիքը, այս ծածկը, օջախը պահել, համախմբել: Արամն ընդունելի անձնավորություն է, մյուսները կգնան նրա հետևից, ինչու չէ նաև որպես բանիմաց, գիտակ, համեստագույն մարդու:

  • Դիտումներ՝ *