Քաղաքագետ, բլոգեր Սուրեն Սուրենյանցը այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց, որ միանում է նախկին քաղբանտարկյալների հայտարարությանը, ովքեր հանդես են եկել ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: «Նրանք, ովքեր պահանջում են ապահովել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը` սխալ մոտեցում են ցուցաբերել և պետք է պահանջեն, որ նրան ազատ արձակեն»,- նշեց Սուրեն Սուրենյանցը: Ըստ նրա` իշխանությունը անբարո վարքագիծ է ցուցաբերում` բանտում անմեղ մարդկանց նկատմամբ ֆիզիկական և բարոյական ճնշումներ իրականացնելով: Ս.Սուրենյանցը ասաց, որ իշխանությունները չեն հասկանում, որ քաղբանտարկյալներ պահելով` երկիր են կորցնում, կորցնում են Ղարաբաղը: Սուրենյանցը նամակ է հասցեագրելու Սերժ Սարգսյանին` պահանջելով Նիկոլ Փաշինյանի ազատությունը: Նա կարծում է, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար ցանկացած ձև, բացի ներում պարտադրելուց, ընդունելի է, քանի որ այդ մարդիկ անհիմն են 2.5 տարի ազատազրկվել: Միաժամանակ նա նշեց, որ չի ցանկանում, որ քաղբանտարկյալները ազատ արձակվեն այնպես, ինչպես ժամանակին իշխանության կամայական որոշմամբ ազատ արձակվեցին Վահան Հովհաննիսյանը և նրա ընկերները: «Եթե հանձնարարեն Դավիթ Հարությունյանին, ապա նա իրավական մեխանիզմ կգտնի քաղբանտարկյալներին ազատ արձակելու»,- ասաց Սուրեն Սուրենյանցը: