Սիրիական զորքերը դեկտեմբերի 13-ին սկսել են Դամասկոսից 20 կմ հեռավորության վրա գտնվող Ադրա քաղաքը զինված ծայրահեղականներից ազատագրելու օպերացիան: Ինչպես հայտնում է «Սուրիա Ալ-Էն» գործակալությունը, սիրիացի զինծառայողները դիմակայում են «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» խմբավորման և «Ահրար Ալ-Շամի ջոկատի» գրոհայիններին:
Ռազմական աղբյուրների փոխանցմամբ՝ կատաղի բախումների ժամանակ մեկ օրում ոչնչացվել է 120 ահաբեկիչ, նրանց շարքում կան 22 սաուդցի վարձկաններ:
Ադրայի աշխատանքային թաղամասերում ծայրահեղականների իրականացրած էթնիկ զտման զոհն է դարձել ավելի քան 50 մարդ, առնվազն 200 բնակիչ պատանդ են վերցվել: Գրոհայինները վրեժխնդիր են եղել դրուզների ու ալավիների ընտանիքների նկատմամբ՝ չխնայելով նույնիսկ կանանց ու երեխաներին:
Քաղաքում ապրում է ավելի քան 100 հազար մարդ: Նրանց մեծ մասն աշխատում է արդյունաբերական գոտու ձեռնարկություններում: Չնայած քաղաքացիական պատերազմին՝ այդ գործարանները չեն դադարեցրել աշխատանքը՝ մայրաքաղաքն ապահովելով անհրաժեշտ ամեն ինչով:
Վարչապետ Վաիլ Ալ-Հալկիի խոսքով՝ ահաբեկիչների հարձակումն Ադրայի վրա հարված է սիրիական տնտեսությանը: Նա նշել է, որ հարձակումը կազմակերպվել է Սաուդյան Արաբիայի և Կատարի աջակցությունը վայելող ուժերի կողմից:











































