Բաքուն մեծ նշանակություն է տալիս Ադրբեջան Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցին, այս մասին, ինչպես հաղորդել է Բաքվի ANS հեռուստաալիքը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանի նախագահի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում, որին մասնակցել են կողմերի պատվիրակությունները: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջան Ձեր այցին»,- ասել է Ալիևը` հավելելով, որ «այս այցը հիանալի արդյունքներ ունի»: Ադրբեջանի նախագահի խոսքով, երկու նախագահների հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում ադրբեջանա-իրանական կապերը: Ալիևը խոսել է չորեքշաբթի օրը ստորագրված էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ հուշագրի մասին` նշելով, որ «այդ փաստաթուղթը համակողմանի է»: «Դրանում արտացոլվել են բոլոր կարևոր կոնկրետ նախագծերը»,- ասել է նա` դրանց թվում նշելով Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի ստեղծումը, որի շրջանակներում «ենթադրվում է իրականացնել լրացուցիչ միջոցառումներ», համատեղ էլեկտրաէներգետիկ համակարգի ստեղծումը, համագործակցությունը գազի ոլորտում: «Մեր հարաբերությունների մակարդակն այսօր շատ բարձր է: Մենք հետևողականորեն գործնական քայլեր ենք ձեռնարկում այդ մակարդակը բարձրացնելու համար: Մենք հարևաններ ենք, մենք եղբայրներ ենք, մենք բարեկամներ ենք: Մենք կարևոր դերակատարություն ունենք այս տարածաշրջանում»,- հայտարարել է Ալիեւը: