«Ժողովուրդ» օրաթերթի դեմ ՕԵԿ ներկայացրած դատական հայցն աննախադեպ է: Դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ մինչ այժմ որևէ լրատվամիջոցի դեմ դատական հայց չեն ներկայացրել:
Պատգամավորը նշեց, որ «Ժողովուրդը» բազմաթիվ հոդվածներ է հրապարակել իրենց դեմ, ու թեև չէր ցանկանա, որ որևէ լրագրող մտածեր, թե ՕԵԿ-ն իրենց դեմ է գործում կամ էլ քննադատությունից են խուսափում, այդուհանդերձ, այս թերթն արդեն չափ ու սահման անցել է, այն ոչ միայն զրպարտում է, այլև մեղադրում:
Դիտարկմանը, թե՝ ՕԵԿ-ական պատգամավոր Լևոն Դոխոլյանը նույն օրաթերթի լրագրողին ոչ կոռեկտ պատասխան էր տվել, արդյոք նույն կերպ նա իրավունք չունե՞ր դատի տալ պատգամավորին, Մարգարյանը պատասխանեց. «Լևոն Դոխոլյանը բավական պարկեշտ անձնավորություն է, կիրթ, ճանապարհ արած, նա սպառիչ ձևով անդրադարձել է այդ հարցին, որ ինքը նման գրառում չի արել: Մասնագետները կարող են հաստատել՝ այլ անձինք կարող էին հանդես գալ իր անունից և գրառումներ անել: Նա պարզապես համարժեք պատասխան է տվել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ հոդվածով են դատի տալիս օրաթերթին, սակայն պատգամավորը նշեց, որ բազմաթիվ հոդվածներ կան, ինքը ձեռնպահ կմնա որևէ հոդվածի վրա սևեռվելուց, քանի որ դատավարությունն ընթանում է:
Հիշեցնենք, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հոդվածում ՕԵԿ նոր պատգամավոր՝ Խաչիկ Հարությունյանին փոխարինած Լևոն Դոխոլյանի մասին «Քույրիկ Լևոն» կեղծանվան կիրառումը առաջ էր բերել Դոխոլյանի, ինչպես նաև ողջ ՕԵԿ-ի զայրույթը, և նորընտիր պատգամավորը խոստացել էր իր տղամարդկությունն ապացուցել հոդվածագրին:











































