ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 12-ին «Մարդու իրավունքները Զինված ուժերում» թեմայով խորհրդարանական լսումներից հետո պատասխանել է մի քանի լրատվամիջոցի հարցերին: «Առաջին լրատվական»-ը ներկայացնում է զրույցն ամբողջությամբ:
–Պարոն Օհանյան, այսօրվա խորհրդարանական լսումները ի՞նչ տվեցին, որքանով են արդարացի բարձրացված հարցերը:
-Այն, ինչ այսօր կնպաստի Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումները մենք բավական բարձր ենք գնահատում: Խորհրդարանական այսպիսի լսումները մեր պայմանավորվածության համաձայն են, որպեսզի մենք հասարակության լայն շերտերի հետ քննարկենք այս խնդիրները: Անկասկած, մեր գործունեության ընթացքում մենք ունենք և՛ առաջընթաց, որովհետև դա նաև երևում է կարգապահության ամրապնդման խնդիրներում և միջանձնային հարաբերությունների բարելավման հարցերում, և՛ իհարկե, մենք ունենք բացթողումներ: Դրանց որոշ մասը շատ դեպքերում հասարակությունն ինքն է բացահայտում և մեզ թելադրում, որովհետև ժամկետային ծառայություն ունեցող բանակում տեղի ունեցողը չես կարող թաքցնել հասարակությունից:
Ընդհանուր առմամբ, Զինված ուժերի ղեկավարությունն այսօր որդեգրել է այնպիսի քաղաքականություն, այնպիսի աշխատանքների սկզբունք, որն ուղղված է նրան, որ մենք մեր ժողովրդի, հասարակության առջև բաց լինենք: Դրանք բարոյական նորմեր են, մանավանդ այն իրականության մեջ, որ մենք ունենք, և այն հաջողությունների արդյունքում, որ ձեռք ենք բերել ժողովրդի հետ միասին. ես նկատի ունեմ նաև պատերազմական գործողությունները: Հարցերից շատ-շատերը տեղին էին: Կարծում եմ, որ արդյունավետ քննարկում եղավ, և պատասխաններն էլ գոհացուցիչ էին:
–Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ եթե ժամանակին զեկուցվեր վերջին դեպքի մասին, հնարավոր էր կանխարգելել: Կարելի՞ է ենթադրել, որ սա ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն. նման վարկած շրջանառվո՞ւմ է:
-Այսօր չենք ասում, որ կոնկրետ ինքնասպանություն է տեղի ունեցել: Սպանված վիճակում զենքի պահասենյակում գտնվել է զինծառայողը: Իհարկե, վարկածներից մեկն ինքնասպանությունն է, ինքնասպանությունն ու ինքնասպանության հասցնելը փոխկապակցված են, երկու խնդիրն էլ մենք նույն հարթության մեջ ենք տեսնում: Այսինքն՝ եղել են դրդապատճառներ, որոնք հանգեցրել են նրան, որ մարդ կարող է գնալ ինքնասպանության: Եթե ժամանակին զեկուցվեր ստեղծված միջանձնային հարաբերություններում այս լարվածությունը, իրավիճակը, նրա ընկերների կողմից ժամանակին տեղեկացվեր հրամանատարներին, վերջիններիս կողմից՝ նաև մեզ, ինչպես նաև՝ քանի որ զինծառայողը այդ դեպքից առաջ զանգել էր ծնողին, ծնողն էլ ժամանակին այդ մասին տեղեկացներ հրամանատարությանը, մենք կարող էինք կանխարգելել: Իհարկե, այս պահին դեպքի կատարման արագությանը որքանով մենք կարող էինք դիմագրավել՝ ես չգիտեմ, բայց, համենայն դեպս, ստեղծված միջանձնային հարաբերությունների մասին եթե ժամանակին զեկուցվի, ապա մենք նաև համապատասխան աշխատանք կկատարենք անհատական դաստիարակչական աշխատանքների միջոցով, որպեսզի այդ հարաբերությունների մեջ այդ լարվածությունը նվազեցվի և կանխարգելվի:
–Բացի այդ մեկ ձերբակալվածից, զուտ կարգապահական առումով՝ հնարավո՞ր են պաշտոնանկություններ:
-Զուտ կարգապահական.. . Պաշտոնանկությունների մասին այսօր դեռևս վաղ է խոսելը, որովհետև ծառայողական քննությունը, ստեղծված գլխավոր շտաբի պետի ցուցման համաձայն, հանձնաժողովի կողմից շարունակվում է, և երբ հանձնաժողովի նախագահը կզեկուցի, մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք: Իհարկե, տույժեր՝ շատ խիստ, կլինեն, պաշտոնանկություններ կլինեն: Գոնե այդ ստորաբաժանման ղեկավարությունը պաշտոնից կազատվի, որովհետև իրենք պարտավոր էին իմանալ դրա մասին, պարտավոր են իմանալ իրադրությունը, որ տիրում է իրենց ստորաբաժանումներում: Այն պատասխանատուները, որոնք պարտավոր էին համագործակցել նաև իրավական ոլորտից՝ ռազմական ոստիկանությունից, նրանք իրենց տույժը նույնպես խիստ կերպով կստանան:
-Լյուքս Ստեփանյանի գործով քննությամբ հետաքրքրվո՞ւմ եք: Ի՞նչ փուլում է:
-Աշխատանքներն ըստ ժամկետների ընթանում են, և մոտ ժամանակներս արդեն գործը, կարծում եմ, կուղարկվի դատարան, խնդիրներ չեն լինի, որպեսզի գործընթացն իրականացվի:
Զորակոչն այսօր իրականացվում է վիճակահանությամբ. ինչպիսի՞ն են արդյունքները, հասարակության արձագանքը, ինչպե՞ս է լինելու միակողմանի ծնողազուրկների հարցը, երբ կա 50 կամ ավելի կիլոմետր հեռավորության հարցը:
Ստեղծված են չորս տուփեր, որոնք ներառում են առաջին հերթին կրթական, մասնագիտական, այնուհետև՝ ֆիզիկական ունակությունները և առողջական վիճակը, նաև սոցիալական արտոնություններ ունեցողների խումբ կա. համապատասխան անձինք այդ տուփերից վիճակահանության միջոցով ընտրում են իրենց ծառայության վայրը: Կարծում եմ՝ այս սկզբունքը, որ մենք ընտրել ենք զորակոչի համար, հասարակության համար գոհացուցիչ է, որովհետև ծնողներն իրենք իսկ մասնակցում են վիճակահանությանը և տեսնում՝ երեխաները ուր են գնալու ծառայության. սա է իրավիճակը: Ես այստեղ պետք է նաև խնդրեմ հասարակության աջակցությունը մեզ, որպեսզի այլ ելքեր չընտրեն՝ ինքնուրույն հարցեր լուծելու և ծանոթ-բարեկամներ գտնելու: Նրանց ծանոթ-բարեկամները բանակի ղեկավարությունն է, որն արդարացիորեն կիրականացնի զորակոչ: Չգիտեմ՝ որքանով եք դուք գհահատում, համենայն դեպս, զօրուգիշեր քրտնաջան աշխատանք է իրականացվում, որպեսզի բանակում զորակոչի անցկացման արդարության մակարդակը բարձրացվի:
-Զորակոչային ռեսուրսի նվազում կա՞ արդյոք:
-Զորակոչային ռեսուրսի նվազում՝ երկու տարի առաջ իրականացված զորակոչի համեմատ, չկա: Սա հիմնականում նաև արդյունք է նրա, որ մենք բավական խստացրել ենք բոլոր հանձնաժողովների աշխատանքները, զորակոչի իրականացման բոլոր փուլերում ընդգրկել ենք համապատասխան աշխատակիցների, որոնք օպերատիվ-հետախուզական վերահսկիչ աշխատանքներ են իրականացնում և ապահովում են արդարությունը:
-Հակոբ Ինջիղուլյանի գործով դրական տեղաշարժ չկա՞:
Ինջիղուլյանի գործով մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի արդյունք ունենանք: Ցավոք սրտի, մեր հարևանների հետ պետական կապի բացակայությունը բերում է նրան, որ արագ արդյունքի չենք կարողանում հասնել, բայց մենք ձգտելու ենք ամեն ինչ անել, որպեսզի Հակոբը վերադառնա, և, ինչպես խոսք էի տվել, նրա նկատմամբ ոչ մի քրեական հետապնդում չի լինելու:








































