Այսօր «Սինջար եզդիների ազգային միավորման» մի քանի անդամներ հանդիպել են Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին: «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ խորհուրդից հայտնում են, որ Շարմազանովի հետ հանդիպման ընթացքում իրենք տեղեկացրել են, որ եզդի համայնքը վրդովված է ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի պահվածքից և պահանջում է, որպեսզի պատգամավորը ներողություն խնդրի եզդի ժողովրդից: Մենք նաև տեղեկացրինք, որ Մանվել Բադեյանը հետագայում tert.am-ին տված պարզաբանման մեջ նշել էր, որ ինքը չի ասել փողոցում կանգնած եզդի, այլ ասել է փողոց մաքրող եզդի:
Շարմազանովին տեղեկացրել են, որ այս արտահայտությունը ևս իրենց համար վիրավորական է, քանի որ փողոց մաքրելը եզդու կարգավիճակ չէ:
Հանդիպումից հետո «Սինջար»-ը հարկ է համարում տեղեկացնել բոլոր եզդիներին, որ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը նպատակ չի ունեցել վիրավորելու եզդիներին և ներողություն է խնդրում բոլոր եզդիներից` այդ միջադեպի համար:











































