Իսրայելի և Պաղեստինի ղեկավարները մերժել են Վաշինգտոնի՝ կարգավորման նոր նախաձեռնությունը, որը նախորդ շաբաթ ներկայացրել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով Երուսաղեմ և Ռամալլահ կայցելի դեկտեմբերի 11-ին:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ներին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի խորհրդարանի պատգամավորների և նախարարների հետ հանդիպմանը քննադատել է Քերիի ծրագիրը:
Ծրագիրը նախատեսում է Պաղեստինի անկախության հռչակումից հետո ապահովել Իսրայելի անվտանգությունը Հորդանան գետի հովտում արտասահմանյան զորքերի տեղակայման և հզոր տեխնիկական համակարգի ստեղծման միջոցով, որը կկանխի արտասահամանցի ահաբեկիչների մուտքը:
«Անհրաժեշտ է Հորդանանի հետ սահմանի վրա պահպանել իսրայելական, այլ ոչ թե ամերիկյան կամ այլ արտասահմանյան ուժեր… Մենք պետք է պահենք մեր ներկայությունը Հորդանանի հովտում, քանի որ սահմանից այն կողմ ջիհադականներն են»,- ասել է Նեթանյահուն:
Քերիի նախաձեռնությունն առաջացրել է նաև պաղեստինյան կողմի զայրույթը: Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Յասիր Աբդ Ռաբոն և Պաղեստինի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Աբու Ռուդեյնան Քերիին մեղադրել են, որ վերջինիս առաջ է մղում իսրայելական շահերը՝ ի վնաս պաղեստինցիների: Ռուդեյնան մասնավորապես նշել է, որ Իսրայելի հետ ոչ մի գործարք չի լինի, եթե պաղեստինցի բանտարկյալներն ազատ չարձակվեն:











































