Թուրքիայի «Քատիր Հաս» համալսարանի կողմից այս տարվա սեպտեմբերին և հոկտեմբերին կատարված հարցախույզի համաձայն՝ թուրքերի միայն 7,2 %-ն է Հայաստանը դիտում որպես Թուրքիայի համար սպառնալիք:
Հարցախույզին մասնակցել են երկրի շուրջ 1.000 քաղաքացիներ:
Հատկանշական է, որ 2011-ին նմանատիպ հարցախույզի մասնակիցների 53 տոկոսը Հայաստանը Թուրքիայի համար վտանգ սպառնացող երկիր էր համարել:
Թուրքերի 41,7 %-ը որպես Թուրքիային վտանգ սպառնացող երկիր համարում են Միացյալ Նահանգները, իսկ 37,1 %-ը՝ Իսրայելը: Համապատասխանաբար 23,9 և 18,4 տոկոսը վտանգավոր համարում են Սիրիան և Իրանը:
Հարցման մասնակիցների 36 տոկոսի կարծիքով՝ Մերձավոր Արևելքում Թուրքիայի վերջին 5 տարվա քաղաքականությունը «ձախողված» է:
Ըստ հարցվածների՝ Թուրքիայի բարեկամ երկրներ են համարվում Ադրբեջանը (28 %), ԱՄՆ-ը (7,4 %) Կիպրոսի գրավյալ թուրքական հատվածը (3,8 %) և Պակիստանը (2,9 %), իսկ 38,6 %-ի կարծիքով՝ Թուրքիան բարեկամ չունի:
Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում հրատարակվող «Յառաջ» թերթը: