«ՀԺ»-ն տեղեկացնում է, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերլիազորները, թերևս մամուլից տեղեկանալով, որ Երևանի Դավիթաշեն համայնքում Հայ ազգային կոնգրեսի տարածքային շտաբ է բացվելու, երեկ վաղ առավոտից շրջափակել են համայնքի 4-րդ թաղամասը։
Ինչպես թերթի թղթակցին պատմել է շտաբի համակարգող Սաթենիկ Խաչատրյանը, դուռը բացելուն պես ոստիկանները ներխուժել են տարածք և հետաքրքրվել, թե ով է տարածքի վարձակալը, քարտուղարը և այլն. «Ասացի, որ ես եմ: Նրանք վերցրին իմ հեռախոսահամարը և 30 րոպեն մեկ զանգում ու հարցնում էին, թե արդյոք ունե՞մ տարածքի վարձակալության պայմանագիր, կամ որտե՞ղ է աշխատում ամուսինս, որդի ունե՞մ…»,- պատմել է տիկին Խաչատրյանը։
Երեկ թերթի հարցին, թե որն է օպերլիազորների այդ գործողությունների իրավական հիմքը, ոստիկանությունից փոխանցել են. «Նրանք ուղղակի ծանոթացել են, փոխանակել հեռախոսահամարները և առաջարկել խնդիր ունենալու դեպքում դիմել իրենց»։