Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ադրբեջանը և Հայաստանը պետք է շտապեն` չէ՞ որ պայմանները փոխվում են


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Զերկալո» օրաթերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրքադիրովը


– Օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե արդեն համաձայնեցված է ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման հարցը և նշել, որ այդ հարցն ընդգրկված է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մեջ: Նա նաև ընդգծել էր, որ խաղաղապահները չեն լինելու ո՛չ միջնորդ, ո՛չ էլ տարածաշրջանային երկրներից: Ձեր գնահատմամբ, ինչքանո՞վ է իրականությանը մոտ այս հայտարարությունը և հնարավո՞ր է, որ այս հարցը քննարկվի Կազանում:


– Ցավոք սրտի, այսօր շատերը մոռանում են, որ ԼՂ հակամարտության ենթադրվելիք խաղաղ համաձայնագրին վերաբերող հարցերի մեծամասնությունը քննարկվել և սկզբունքորեն համաձայնեցվել է դեռևս նախորդ դարի 90-ական թվականներին: Այսինքն` Մադրիդյան կոչված հիմնարար սկզբունքների համաձայնեցման դեպքում կողմերը, ինչպես ենթադրում են շատերը, մաքուր էջից չեն սկսելու հիմնական քաղաքական խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքները, եթե, իհարկե, գործընթացի երկարացումը կրկին ինքնանպատակ չլինի, չնայած հայկական կողմից, այն էլ բարձր մակարդակով, նման տրամադրվածությունն արդեն իսկ ակնհայտ է: Հիշեցնեմ, որ մարտի 5-ի Սոչիի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը, մի կողմից, հայտարարեց հիմնարար սկզբունքների համաձայնեցման հնարավորության մասին, իսկ մյուս կողմից` ընդգծեց, որ դա դեռ ավարտը չէ, այլ միայն գործընթացի սկիզբը: Ի դեպ, ի սկզբանե համաձայնեցված են եղել ոչ միայն խաղաղապահ ուժերի ձևավորման սկզբունքները, այլև հայկական զորքերի դուսբերման գրաֆիկը: Իսկ ինչ վերաբերում է խաղաղապահ ուժերի կազմին, ապա այստեղ կա երկու մոտեցում: Առաջին` հենց այն տարբերակը, որի մասին խոսել է Մամեդյարովը, և երկրորդ` խաղաղապահ ուժերի կազմի մեջ մտնող երկրներից և ոչ մեկը չի կարող 30 տոկոսից ավել քվոտա ունենալ: Այսինքն` այս եղանակը չի բացառում Մինսկի խումբը ներկայացնող ԵԱՀԿ անդամ պետությունների զորամիավորումների ներկայությունը: Բայց այս տարբերակը ևս զրկում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական հետաքրքրություն ունեցող պետություններին և առաջին հերթին Ռուսաստանին մոնոպոլ վերահսկողություն ունենալ խաղաղապահ ուժերի նկատմամբ: Թե ինչպիսի անկանխատեսելի և դժվար հետևանքների կարող է հանգեցնել նման մոնոպոլ վերահսկողությունը` մենք տեսանք 2008թ. օգոստոսին: Վերջիվերջո, չեմ կարծում, որ խաղաղապահ ուժերի կազմը կլինի այն կենտրոնական հարցը, որը կքննարկվի կազանյան հանդիպման ժամանակ: Ոչ միայն նրա համար, որ դրանց ձևավորման` կողմերի համար ընդունելի տարբերակներն արդեն մշակված են, այլ նաև այն պատճառով, որ այդ հարցը կքննարկվի և որոշում կկայացվի այլ ֆորմատում, ավելին` հաշվի առնելով, ամերիկա-իրանական կոնֆլիկտի շուրջ գործընթացների զարգացումը:


– Վերջերս ռուս բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների կողմից եղան հայտարարություններ, թե Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման պարագայում Ռուսաստանը կմիջամտի հօգուտ Հայաստանի: Ինչպե՞ս եք գնահատում այդ հնարավորությունը:


– Դա դեպքերի զարգացման բավականին իրական տարբերակ է: Ի վերջո, Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ: Բայց որպեսզի ճիշտ պատկերացնենք Ռուսաստանի աջակցության հնարավորությունը, պետք է հստակ մի քանի հարցեր ընդգծենք: Առաջին` հետաքրքրվա՞ծ է, արդյոք, Ռուսաստանը, որ Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև մեծ պատերազմ լինի: Ոմանք չեն հասկանում պարզ ճշմարտությունը` մի բան է հետաքրքրությունը ձգձգված, սառեցված կոնֆլիկտի նկատմամբ, որը Ռուսաստանին թույլ է տալիս մանիպուլյացիայի ենթարկել Հայաստանն և Ադրբեջանը, և մեկ այլ բան է մեծ պատերազմը, որի դեպքում Ռուսաստանը կանցնի այն սահմանագիծը, որից այն կողմ հանդիպելու է ամերիկա-թուրքական ուժերի բաց հակազդեցությանը: Դժվար թե Ռուսաստանը ցանկանա հանդիպել ամերիկա-թուրքական ալյանսի դիմակայությանը, որն, անկասկած, շատ արագ կձևավորվի շահերի համընկնելու պատճառով: Թուրքիայի շահերի մասին խոսելն ավելորդ է, իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա բավական է նայել քարտեզը և համոզվել, որ ռազմական գործողությունները կընդգրկեն այն տարածաշրջանը, որը գազանավթամուղներից մոտ 20-30 կմ հեռավորության վրա է գտնվում: Այսինքն` այս հավանական պատերազմը, ի տարբերություն ռուս-վրացական պատերազմի, սպառնում է ոչնչացնել այն աշխարհաքաղաքական ճարտարապետական նմուշները, որոնք ԱՄՆ-ն կառուցել է վերջին 20 տարիների ընթացքում` Միջին Ասիա դուրս գալու հեռահար նպատակով: Ցանկանո՞ւմ է, արդյոք, Ռուսաստանը ոչնչացնել այդ ճարտարապետությունը` իհարկե այո, բայց 2008թ. ռուս-վրացական պատերազմի հետևանքները ցույց տվեցին, որ այստեղ, ինչպես ասվում է, ցանկությունները չեն համընկնում հնարավորությունների հետ: Ավելին` անգամ պատերազմական գործողություններին միջամտելու պարագայում առավելագույնը, ինչ կանի Ռուսաստանը` կլինի այն, որ կտա Ադրբեջանի գլխին և թույլ չի տա ազատագրել մեր տարածքները, բայց ոչ ավելին: Դժվար թե Մոսկվան իրեն թույլ տա ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես եղավ 2008թ., քանզի առանց դրա էլ` Հայաստանի օգտին միջամտելու հանգամանքը կփչացնի Ռուսաստանի հարաբերությունները Անկարայի և Վաշինգտոնի հետ, ինչում Ռուսաստանն այս շրջանում հետաքրքրված չէ: Եվ հենց այս պատճառներով է, որ առաջնային աշխարհաքաղաքական խաղացողները, այդ թվում` նաև Ռուսաստանը, աշխատում են բացառել հայ-ադրբեջանական նոր պատերազմի բռնկման հավանականությունը առանց իրենց «բարձրագույն սանկցիայի», ինչի մասին շեշտվում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների դովիլյան հայտարարության մեջ: Նրանք, այն էլ` ամենաբարձր մակարդակով, սպառնում են թե՛ Հայաստանին և թե՛ Ադրբեջանին` հայտարարելով, որ հիմնարար սկզբունքների շուրջ առաջընթացի բացակայության դեպքում հարցականի տակ կդրվի կողմերի` հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու պատրաստակամությունը:


– Թե՛ դովիլյան հայտարարության, թե՛ միջնորդ երկրների պաշտոնյաների, թե՛ ադրբեջանական կողմի հայտարարությունների մեջ կա որոշակի առաջընթացի սպասում կազանյան հանդիպումից և նշվում է, թե հնարավոր կլինի որոշակի փաստաթուղթ ստորագրել: Պարոն Միրքադիրով, Ձեր գնահատմամբ, կարելի՞ է կազանյան հանդիպումից առաջընթացի և որևէ փաստաթղթի ստորագրման սպասել:


– Եթե դա ցանկանում են ուժեղ երկրները, ապա կարող է նաև հրաշք տեղի ունենալ: Այնուամենայնիվ, այստեղ շատ բան կախված է Սերժ Սարգսյանից, իսկ ավելի շուտ այն հարցից, թե քանդվող ռուսական տանդեմից ո՞ւմ կողմը կբռնի Հայաստանի կառավարող քաղաքական էլիտան` Պուտինի՞, թե՞ Մեդվեդևի: Եվ որպես հետևանք շատ բան կախված կլինի նաև նրանից, թե Ռուսաստանում իշխող այս տանդեմից ո՞ր մեկի ազդեցությունն է առավել մեծ հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա: Ադրբեջանի հարցում ամեն ինչ ավելի հեշտ է` ոչ այն պատճառով, որ կարգավորման առաջարկված տարբերակը համապատասխանում է Ադրբեջանի ազգային և պետական շահերին,- դա ամենևին էլ այդպես չէ,- պարզապես այստեղ հիմնական պատճառն այն է, որ ադրբեջանական իշխանություններն իրենց բավականին ուժեղ են կարծում, որպեսզի իրենց թույլ չտան լսելու ընդդիմությանը:


– Իլհամ Ալիևն իր վերջին հայտարարություններից մեկում նշել էր, թե կազանյան հանդիպումը կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու վերջին հնարավորությունն է: Ձեր կարծիքով, դա ի՞նչ է նշանակում:


– Չեմ հիշում, որ Ալիևը նման բան է ասել, բայց դա չէ կարևորը, կարևորն այն է, որ իրավիճակն ինքն է հասնում այդ գծին: Բանն այն է, որ Ադրբեջանի հասարակությունը, հայտնվելով պարտվողի դերում, միշտ պահանջում է տարածքների վերադարձ` ցանկացած ճանապարհով: Ի սկզբանե մեր հնարավորություններն ու ռեսուրսները բավական չէին այդ նպատակի իրականացման համար, սակայն 2005թ. հետո իրավիճակը փոխվեց` ի հաշիվ արտահանվող նավթի ծավալների: Եվ այժմ իշխանությունները ուշ թե շուտ ստիպված են ապացուցել հասարակությանը, որ իրենց նպատակը միայն իշխանություն ունենալը չէ, այլ նաև` որ իրենք ցանկություն ունեն Ադրբեջանի համար գլոբալ համարվող ղարաբաղյան հարցի լուծման առումով քայլեր կատարելու: Սակայն հենց միայն գիտակցելով հնարավոր պատերազմի հետևանքները` Ադրբեջանը ցանկանում է արագ հասնել խաղաղ համաձայնագրի, որն այդքան էլ Ադրբեջանի շահերից չի բխումը: Ընդհանրապես հնարավոր չէ հասնել խաղաղության, որը կբխի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի շահերից, պարզապես այս պարագայում իշխանությունները կարող են ադրբեջանական հասարակությանը որպես մեծ, գրեթե ամբողջական հաղթանակ ներկայացնել հայկական զորքերի հետքաշումն ու ԼՂ-ի հավերժական միջանկյալ կարգավիճակը` հաշվի առնելով նաև արտաքին մեծ աջակցությունը: Այնպես որ, շտապել պետք է, և Հայաստանը ևս պետք է շտապի` չէ՞ որ պայմանները փոխվում են…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում