Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տարվա վերջին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան։
Այս մասին կիրակի օրը, Բաքվում, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան–Իվ Լե Դրիանը։
«2018-ի հուլիսին սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցելությունը Ֆրանսիա։ Ֆրանսիայի նախագահն էլ, իր հերթին, պատասխան հրավերն է ընդունել, և նախատեսում է Ադրբեջան այցելել 2018 թվականի դեկտեմբերին»,– ասել է Լե Դրիանը։
Նա ընդգծել է, որ բարձր մակարդակով երկկողմանի այցելությունների շարքը կծառայի Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև երկկողմանի համագործակցության հետագա ընդլայնմանը։
Նա նշել է, որ Ֆրանսիան միշտ աջակցել է Ադրբեջանին՝ նրա անկախության հենց առաջին օրերից, և շարունակելու է համագործակցության իր քաղաքականությունը նաև ապագայում։