Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ընդունել է ՆԱՏՕ-ին կից Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Խազար Իբրահիմին։
Հանդիպման ժամանակ Ռասմուսենը հավանություն է տվել ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի ակտիվ համագործակցությանը և մասնավորապես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) գործողություններում Ադրբեջանի ունեցած ներդրմանը։
Իբրահիմն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը երկար ժամանակ ու արդյունավետ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև արծարծել է մի շարք տարածաշրջանային հարցեր։
Ռասմուսենը ցանկություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի գործընկերությունը հետագա զարգացում ունենա։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին էլ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբ-կայանում մասնակցել էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների համաժողովին, որին մասնակցել են նաև ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող, սակայն Աֆղանստանում ISAF-ի գործողություններում ներդրում ունեցող երկրների պաշտպանության նախարարները։