Երևանի քաղաքապետարանում քննարկվել է նախկին Շահումյանի անվան կոլտնտեսությանը պատկանած հողերի սեփականաշնորհման խնդրի վերաբերյալ հարցը, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, կոլտնտեսային հողերի վարձակալ-շահառուները և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները:
Խնդիրը կապված է դեռևս 2008 թ. հայտարարված մրցույթի արդյունքում «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲ ընկերության կողմից ձեռք բերված հողատարածքին, որը նախկինում վարձակալության հիմունքով հանձնված էր հողօգտագործողներին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը տեղեկացրեց, որ մինչ հրավիրված քննարկումը, հարցն արդեն իսկ ուսումնասիրվել և համապատասխան որոշման նախագիծ է պատրաստվել, որը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: Ըստ որոշման նախագծի, «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ հողատարածքի սահմանների վերաճշգրտման արդյունքում հնարավորություն է ստեղծվում Երևան համայնքի սեփականությունը դարձող՝ նոր հատակագծից դուրս մնացած 17.5 հա հողատարածքը, ուղղակի վաճառքի ձևով կադաստրային արժեքով օտարել առանց իրավաբանական ձևակերպումների զբաղեցրած փաստացի հողօգտագործողներին: