Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը մտադիր է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի իշխանության ապակենտրոնացման խնդրով: Մեդվեդևն այս մասին ասել է՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում:
Նախագահն ասել է, որ «բարձրաստիճան» աշխատանքային խումբը կստեղծվի մոտ ժամանակներում: Ապակենտրոնացումը, ըստ Մեդվեդևի, տեղի կունենա առաջին հերթին հօգուտ տեղական ինքնակառավարման մարմինների:
Նա կոշտ քննադատության է ենթարկել երկրում ստեղծված կենտրոնացված կառավարման համակարգը. «Եթե ամեն ինչ սկսում է աշխատել կամ շարժվել միայն Կրեմլից ստացված ազդանշանից հետո, դա նշանակում է՝ համակարգն անկենսունակ է և սարքված է մեկ կոնկրետ մարդու համար: Դա վատ է, դա նշանակում է, որ այն պետք է փոխել»,- ասել է Մեդվեդը:
Նա հատկապես շեշտել է, որ պետության դաշնային բնույթը պետք է լինի «Ռուսաստանի՝ ահռելի և բազմազան երկրի զարգացման շարժիչ ուժը»: