Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի ավարտից հետո մրցաշարի հաղթողներից Լևոն Արոնյանը, պատասխանել է ռուսական «Իզվեստիա» օրաթերթի հարցերին:
– Տպավորություն է ստեղծվում, որ զգացմունքները տաքացնելու հարցում շախմատը ֆուտբոլին չի զիջում: Համաձայն եք:
– Այո, միայն թե ֆուտբոլիստները հնարավորություն ունեն իրենց էմոցիաներին ազատություն տալ: Չէ որ նրանք հաճախ հենց մարզադաշտում են բղավում և վիճում, իսկ եթե շախմատիստը սկսի նույն բանն անել դահլիճում, դժվար թե ճիշտ հասկացվի: Այդ պատճառով ստիպված դա լուռ ենք անում (ծիծաղում է):
– Տալի հուշամրցաշարում հաղթելը Ձեր գլխավոր նպատակների ց է:
– Անշուշտ, մոսկովյան մրցաշարն այժմ աշխարհի ամենահեղինակավորներից է և գրեթե լավագույնը կազմակերպման մակարդակով: Շատ եմ սիրում այստեղ լինել:
– Հասցնո՞ւմ եք գոնե Մոսկվան տեսնել:
– Հիմա կենտրոնացած եմ միայն շախմատի վրա, իսկ մեկ տարի առաջ Տրետյակովյան պատկերասրահ այցելեցի: Մեկ այլ բան է իմանալ ռուս մեծ նկարիչների մասին և բոլորովին այլ բան` տեսնել նրանց աշխատանքների բնօրինակները: Ռեպինի Իվան Գրոզնիի հայացքը ես հիմա էլ եմ հիշում:
– Ինչ զգացիք, երբ հաղթահարեցիք համաշխարհային վարկանիշի «2800» նիշը:
– Որևէ էյֆորիա հաստատ չկար: Ավելի շուտ թեթևություն զգացի, հիմա պետք չէ մտածել ինչ-որ գերմեծությունների մասին: Չէ որ «2900»-ի սահմանագծին արդի գրոսմայստերներից որևէ մեկը դեռ չի մոտեցել:
– Հայաստանի հավաքականը երկու անգամ անընդմեջ հաղթեց համաշխարհային օլիմպիադան: Ինչպես է նման փոքր երկրին հաջողվում նման հզոր թիմ ունենալ:
– Մեր հիմնական գաղտնիքն այն է, որ Հայաստանում շախմատը հսկայական մասսայականություն ունի: Մեզ մոտ նույնիսկ անհրաժեշտություն չկա դպրոցներում շախմատի հատուկ ծրագիր ներդնել: Հայաստանում այնպես էլ համարյա բոլոր երեխաները շախմատային ակումբներում են ներգրավված:
– Արևելյան շատ երկրներում նարդին է տարածված: Հայաստանում բացի շախմատից էլ ինչ ինտելեկտուալ խաղեր են հայտնի:
– Անձամբ ես նախընտրում եմ խաղաթուղթը, չնայած պոկեր երկար ժամանակ է` չեմ խաղացել: Մեզ մոտ հատկապես տարածված է ֆրանսիական բլոտը: Դա իր պատճառաբանությունն ունի. չէ որ իմ շատ հայրենակիցներ նախորդ դարի սկզբում հենց Ֆրանսիա են գաղթել, իսկ պատմական հայրենիքի հետ կապը նրանք չեն կորցնում:
– Ռուսաստանի շատ շախմատիստներ դեմ չեն ֆուտբոլ խաղալուն: Դուք ինչպես եք վերաբերվում գնդակով ամենահանրահայտ խաղին:
– Ինձ ավելի շատ թենիսն է դուր գալիս: Երազում եմ իսկապես լավ խաղալ: Ինձ հին ընկերներիցս մեկն է մարզում: Բայց դեռ մենք հաշվով չենք խաղում. սկզբի համար դեռ պետք է կարողանամ գնդակին երկու անգամ ուղիղ հարվածել:
– Իսկ հայկական արմատներ ունեցող հայտնի Անդրե Աղասիի հետ պատահաբար ծանո թ չեք:
– Ոչ, որքան ես գիտեմ, Անդրե Աղասիի նախնիները երբեք պատմական հայրենիքում չեն ապրել: Նրանք Իրանում ապրող սփյուռքահայեր են: Ի դեպ, նրանց լեզուն տարբերվում է մեր լեզվից: