Ամերիկյան հատուկ ծառայություններն օրական ողջ աշխարհից ստանում են 5 մլրդ բջջային հեռախոսազանգերի մասին տվյալներ և կարող են հեշտությամբ պարզել զրուցակիցների միջև կապն ու նրանց գտնվելու վայրը: Ինչպես հայտնում է The Washington Post-ը, այս մասին է վկայում ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենից փոխանցված գաղտնի փաստաթղթերի նոր խմբաքանակը:
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության փաստաթղթերում պարունակվող տեղեկությունները պարբերականի լրագրողների հետ զրույցում հաստատել են ամերիկյան հետախուզության գործող աշխատակիցները:
Նրանց խոսքով՝ տարբեր երկրներից հարյուր միլիոնավոր բջջային հեռախոսազանգերի մասին տվյալները օգնում են պարզել հայտնի ահաբեկիչների տեղաշարժը, ինչպես նաև նրանց հին ու նոր կապերը: Այդ տեղեկատվության վերլուծման համար կիրառվում են մի քանի ծրագրեր, որոնցից մեկը կոչվում է CO-TRAVELER:
Ինչպես նշում է The Washington Post-ը, բջջայինների տերերի գտնվելու վայրի մասին տվյալների հավաքումը մյուս գաղտնի ծրագրերին գերազանցում է իր ինտենսիվությամբ, մասշտաբով և մասնավոր կյանքի անձեռնմխելիության խնդրի վրա պոտենցիալ ազդեցությամբ:
Ամերիկյան հետախուզության մասին առավել գաղտնի տվյալները դեռևս չեն հրապարակվել: ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ղեկավարությունը կարծում է, որ նախկին աշխատակիցը լրագրողներին է փոխանցել 200 հազար գաղտնի փաստաթուղթ:










































