Ռուսական Regnum գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ճապոնական Nihon Keizai Shimbun (Nikkei) թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՄԱԿ-ում Թուրքիան քվեարկելու է Պաղեստինի ճանաչման օգտին.
«Թուրքիան Պաղեստինի պետության հարցում հենվում է 1967 թվականի սահմանների վրա՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։ Թուրքիան ցանկանում է, որ Պաղեստինը խաղաղ ապրի Իսրայելի հետ։ Թուրքիան Պաղեստինի ամենաջերմ համակիրներից է»։
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել էր, որ եթե մինչև սեպտեմբեր Իսրայելի հետ բանակցություններն ապարդյուն անցնեն, ապա նա կդիմի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա՝ Պաղեստինի պետության ճանաչման համար։