Թուրք հանրածանոթ պատմաբան, Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ աշխատությունների հեղինակ Թաներ Աքչամը հայտնել է, թե հատկապես Թուրքիայի վարչապետ Էրդողանի համար գիրք է պատրաստում, որում կներկայացնի Աթաթուրքի խոսքերը՝ Հայոց տեղահանության և կոտորածների մասին: Այս մասին գրում է Ֆրանսիայում հրատարակվող «Նոր Յառաջ»-ը:
Թուրքական Taraf թերթին հղումով լուրի մեջ ասվում է, որ Թաներ Աքչամը անդրադարձել է Տիգրանակերտում (ներկայիս Դիարբեքիր) Էրդողանի արտասանած «Քուրդիստան» եզրին, որի հարուցած բողոքին ի պատասխան՝ Թուրքիայի վարչապետը, որպես ինքնաարդարացում, ասել էր, թե ինքը միայն կրկնում է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի՝ 1920-ականների քաղաքականությունն ու խոսքերը:
«Երբ Էրդողանն իր արտահայտություններն արեց՝ հիմնվելով Աթաթուրքի վրա, ոչ ոք չառարկեց, սակայն Աթաթուրքը 1920-ին արտահայտվել է նաև 1915-ի Հայոց տեղահանության և կոտորածների մասին և չի ժխտել տեղի ունեցած ողբերգությունը, ինչպես որ ներկայիս վարչապետ Էրդողանն է անում: Եվ ես որոշեցի Էրդողանի համար պատրաստել մի գիրք, որում կհավաքեմ 1915-ի վերաբերյալ Աթաթուրքի խոսքերը»,- ասել է Թաներ Աքչամը: