Եվ այսպես, մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությամբ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ: Փաշինյանն այդ պաշտոնը ստանձնում է իր նախաձեռնած թավշյա հեղափոխության արդյունքում, որ սկսվեց ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության և ավարտվեց Փաշինյանի վարչապետ ընտրությամբ:
Սակայն ստեղծված իրավիճակում թերևս առավել ճշգրիտ է «սկսվեց» բնորոշումը, քան «ավարտվեց»-ը: Ավարտվեց ընդամենը նախնական փուլը, կամ ինչպես ասում են՝ սա միայն սկիզբն է, և վարչապետի պաշտոնով թավշյա հեղափոխությունը տեղափոխվում է արդեն պետական կառավարման համակարգ: Տեղափոխվում է մի փուլ, որը արդեն ահռելի ու բարդ աշխատանքի փուլ է՝ առավել մեծ պատասխանատվությամբ, առավել մեծ մարտահրավերներով:
Ամենամեծ և առանցքային հանգամանքը այս փուլում արդեն այն է, որ եթե նախորդ հատվածում հեղափոխությունն ուներ մեկ հստակ կամ գլխավոր թիրախ կամ նշանակետ՝ գործող իշխանությունը, ապա այժմ թիրախներն ու նշանակետերը ըստ էության տարրալուծվում են այն բարդ և խնդրահարույց իրականության մեջ, որ կա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով, թե՛ անվտանգային միջավայրում, թե՛ հասարակական հարաբերությունների դաշտում, գործնականում ամենուրեք: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի տաղավարում զրուցել ենք ամերիկագետ Արեգ Գալստյանի և քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: