Այն, ինչ իր վարչապետության չորս ամիսներին փորձեց անել երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը` հեղափոխություն էր բովանդակային առումով: ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորի հետ Վաշինգտոնում ունեցած պատմական հանդիպումից հետո Վազգեն Սարգսյանը ձեռնամուխ էր եղել օլիգարխիկ սեգմենտի ոչնչացմանը: Վազգեն Սարգսյանի գիտակցել էր, որ Հայաստանն այդ բեռով զարգանալ չի կարող և փորձում էր խաղի նոր կանոններ հաստատել: Ռուսաստանն իր իշխանությունը Հայաստանում բանեցնում է օլիգարխիայի և հանցագործ աշխարհի միջոցով և օբյեկտիվորեն չէր կարող հանդուրժել այլ` քաղաքակիրթ համակարգի գոյություն:
1999-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանում տեղի է ունեցել հենց քրեաօլիգարխիկ հեղաշրջում, ստեղծվել է ռուսական վասալության բրգաձև մի համակարգ, որը շուրջ քսան տարի ասպատակել է երկիրը` փողոցում քաղաքացիներին գնդակահարելով, բանտերը քաղբանտարկյալներով լցնելով, ի վերջո` երկիրը թալանելով, պետությունից մոտ տաս միլիարդ դոլար գրպանելով ու երկրից դուրս տանելով:
2018-ի ապրիլին, երբ Հայաստանում ծավալվեց թավշյա հեղափոխությունը, այդ համակարգը մարմնավորված էր Սերժ Սարգսյանի դեմքով: «Սերժ հեռացիր» կարգախոսը դեռ իրականություն չի դարձել, որովհետև առայժմ հեռացել է միայն կոնկրետ անուն, ազգանուն կրող անձը` երկիրը թողնելով քրեաօլիգարխիայի ճիրաններում:
Հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ պատերազմ են հայտարարել ոչ այնքան ու ոչ միայն Սերժ Սարգսյանին, որքան` օլիգարխիային: 2018-ին Հայաստանում տեղի ունեցածը կհամարվի վարչապետափոխություն, եթե չվերջանա քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդմամբ: Միայն այդ պարագայում Հայաստանը կազատագրվի Հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ ստեղծված և Մարտի 1-ի արյունով ամրապնդված համակարգից` կոռումպացված, կեղեքիչ Հայաստանի, ռուսական վասալության հենասյունից:
Նոր Հայաստանում գործնականում և տեսականորեն բացառված է որևէ կոմպրոմիս քրեաօլիգարխիայի հետ, որովհետև թավշյա հեղափոխության նպատակը դրա ոչնչացումն է:
Նիկոլ Փաշինյանը, հեղափոխության անունից, պետք է ՀՀԿ օլիգարխիային հասկացնի, որ նրանց մայիսի 8-ի «ժողովրդական» քվեարկությունը չի կարող «համաներման» նախապայման լինել: Գագիկ Ծառուկյանը կամ Խաչատուր Սուքիասյանը չպետք է հույսեր ունենան, թե կարող են քաղաքական ռեաբիլիտիացիայի ենթարկվել թավշյա հեղափոխության ապահով ստվերում:
Օլիգարխիան անվերապահ ու անխտիր պետք է հեռանա քաղաքականությունից, խորհրդարանից, կառավարությունից: Սելեկտիվ մոտեցումը պետք է բացառվի. «ինդուլգենցիա» չի կարող համարվել Նիկոլ Փաշինյանին ձայն տալը, «Մարիոթի» բակում նրա հետ լուսանկարվելը, հրապարակ մի քանի ցուցարար կամ բուտերբրոդ ուղարկելը:
Եվ ի վերջո` ո՞վ կամ ովքե՞ր պետք է վերադարձնեն պետությունից գողացաված տաս միլիարդ դոլարը: Եթե խոշոր կապիտալը ցանկանում է հաշտություն հասարակության հետ և բիզնեսի իրականացում խաղի նոր կանոններով, ապա պետք է միանգամայն լեգալ, իրավական ճանապարհով «մաքրի» իր փողերը` հաշտության հարկ վճարելու ճանապարհով: Սա իրավական ընթացակարգ է, որը ենթադրում է անհատական մոտեցում և պատասխանատվություն յուրաքանչյուր օլիգարխի պարագայում:
Որպես առաջին քայլ, պարտադիր է արտահերթ ընտրությունների պահանջի ակտուլացումը: Խիստ նպատակահարմար է, որ մայիսի 8-ին ժամանակավոր վարչապետ ընտրվող Նիկոլ Փաշինյանն իր առաջին հրապարակային հայտարարությունն անի արտահերթ ընտրությունների ժամկետի վերաբերյալ: Այս հարցի պատասխանն առկա է ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածում, համաձայն որի՝ կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը կամ չի ներկայացնում։
Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին և քաղաքական ուժերը չեն առաջադրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է և այդ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ մինչև նոր ԱԺ ձևավորումը։ Այս գործընթացն պետք է իրականացվի քաղաքական ուժերի հետ ձեռք բերված համաձայնությունների արդյունքներով և այն լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների կարող է գնալ կամ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, կամ էլ` նման հնարավորության սահմանադրական պատուհանն, ըստ էության, փակվում է առնվազն մեկ տարի: Մեկ տարի խորհրդարանական այսօրվա քրեաօլիգարխիկ ստատուս-քվոն հանդուրժելը չափազանց ռիսկային է, մանավանդ` փողոցի թուլացմանը զուգահեռ սկսվելու է հեղափոխության անկման անխուսափելի փուլն, ինչը նաև հանգեցնելու է նոր վարչապետի ու կառավարության վարկանիշային կորստին: Եվ ճիշտ հակառակը` մեկ ամիսը, երբ դեռ ակտիվ է փողոցը, միանգամայն բավարար է օրինական ընտրությունների անցկացման նպատակով ինստիտուցիոնալ և օրենսդրական հիմքեր ստեղծելու համար: Ի վերջո, նույնիսկ անկախ ընտրակարգից ու օրենսդրական խութերից` քաղաքացիական զարթոնքի նման բարձր ֆոնին որևէ մեկը չի համարձակվի և չի կարող կեղծել ընտրությունները: Փոխարենը` ոչ մի երաշխիք չկա, որ մեկ տարի հետո նման բարենպաստ քաղաքական և հանրային միջավայր կլինի` օրինական ընտրությունների անցկացման համար:
Վարչապետի ընտրությունը և սեղմ ժամկետներում արտահերթ ընտրությունների անցկացումը պետք է լինի Փաշինյանի և մյուս խմբակցությունների բանակցությունների և համաձայնության միակ թեման:
Ցանկացած այլ օրակարգ ու կոմպրոմիս ճանապարհ է բացելու հակահեղափոխության ռևանշի համար, մանավանդ` Մոսկվան միշտ պատրաստ է երկու գունդ տրամադրել քաղաքական ճգնաժամը, ինչպես Պուտինն էր նշել, 2017-ի խորհրդարանական ընտրությունների լեգիտիմ արդյունքների հենքով կարգավորելու համար:
Անհրաժեշտ է միշտ հիշել արյունոտ Հոկտեմբերի 27-ը և դասեր քաղել սեփական պատմությունից: