Новости-Армения-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հունիսի 25-ին Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ որոշում կընդունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքերի նախագծի շուրջ։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը. «Մեծ սպասումներ կան։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ենթադրվում է, որ առաջիկա գագաթնաժողովի ժամանակ դիտարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այսպես կոչված, հիմնարար սկզբունքների ամբողջական նախագիծը։
Այդ փաստաթղթի ձևակերպումը համաձայնեցվել է ապրիլին ու հունիսին Մոսկվայում կայացած արտգործնախարարների հանդիպումների ժամանակ։ Տեղի ունեցած քննարկումների ընթացքում հաջողվել է մի շարք առանցքային խնդիրների շուրջ մոտեցնել կողմերի դիրքորոշումները։ Նախագահները կդիտարկեն այդ մշակումներն ու կընդունեն համապատասխան որոշումներ»։
ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանին խնդրեցինք մեկնաբանել ռուսաստանցի պաշտոնյայի վերոնշյալ հայտարարությունները: Տ.Բալայանը հիշեցրեց օրերս ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանի գնահատականները, որ` եթե դրական միտումը պահպանվի նաև Կազանում, ապա կկարողանանք առաջընթաց արձանագրել:
Հիշեցնենք, որ հարցին` հնարավո՞ր է, որ Կազանում փաստաթուղթ ստորագրվի՝ Է.Նալբանդյանը պատասխանել էր. «ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել վերջերս Մոսկվայում նախարարների մակարդակով կայացած եռակողմ հանդիպման առիթով, որտեղ ասվում էր, որ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերի շուրջ, և եթե այս դրական միտումը պահպանվի նաև Կազանում, ապա կկարողանանք առաջընթաց արձանագրել»: Է.Նալբանդյանը նաև շեշտեց, որ Դովիլի համատեղ հայտարարության մեջ եռանախագահող երկրների նախագահները հստակ կոչ են անում պատրաստել ժողովուրդներին խաղաղությանը, հակառակը կդատապարտվի միջազգային հանրության կողմից: «Ո՞վ է խանգարում ադրբեջանցիներին օգտագործել այս շանսը»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը՝ անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյաների ռազմատենչ հայտարարություններին: