Նոյեմբերի 15-ից 19-ը Երևանում անցկացվում է ուսումնական դասընթաց` «Օպերատիվ հետախուզության աշխատակիցների որակավորման բարձրացում» թեմայով: Դասընթացը կազմակերպվել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ` ՌԴ Ներքին գործերի նախարարության տնտեսական անվտանգության վարչության հետ համատեղ: «Կարծում եմ՝ հետագայում վերապատրաստման այս դասընթացները պարբերական բնույթ կկրեն ԱՊՀ այլ երկրների միջև ևս: Հուսով եմ՝ հետագայում մեր համագործակցությունն այս ոլորտում է’լ ավելի կխորանա»,- ասել է ՌԴ ՆԳՆ Տնտեսական անվտանգության ակադեմիայի ամբիոնի վարիչ Նիկոլայ Կուպրիշենկոն:
ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանի տվյալներով, միայն այս տարվա 10 ամիսների ընթացքում Օպերատիվ հետախուզության վարչությունը հայտնաբերել է ապօրինի ձեռնարկատիրության շուրջ 370 դեպք, ինչը 30 տոկոսով գերազանցում է ամբողջ 2009-ի ցուցանիշը: «Կարծում եմ՝ նման դասընթացները կբարձրացնեն օպերատիվ աշխատակիցների գործունեության արդյունավետությունը, ինչն, իհարկե, կնպաստի հայտնաբերումների աճին»,-ընդգծել է Ռոբերտ Գալոյանը: