«Ինչու Հայաստանում մինչ այժմ չկան արևմտյան հեղինակավոր ապահովագրական ընկերություններ, ովքեր, օգտագործելով իրենց փորձն ու հմտությունները, կկարողանային առավել լավ պայմաններ առաջարկել մեր վարորդների համար»,- այս հարցը այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ուղղեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին: «Որ ասում եք Հայաստանում ներկայացված չեն օտարերկրյա ապահովագրական ընկերություններ, ես ասեմ, որ Հայաստանում ներկայացված են բազմաթիվ օտարերկրյա կապիտալով արտասահմանյան ընկերություններ և այդ առումով դաշտը բաց է: Մենք ունենք և՛ տեղական, և՛ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ բազմաթիվ ապահովագրական ընկերություններ»,- պատասխանեց Տ. Դավթյանը: Նշենք, որ «ընկերության կապիտալում օտարերկրյա մասնակցություն» ու «օտարերկրյա ընկերություն» հասկացությունները տարբերվում են միմյանցից, իսկ Հայաստանում միայն մի օտարերկրյա ապահովագրական ընկերություն կա` «Ռոսգոստրախ Արմենիան», որը ոչ թե արևմտյան է, այլ ռուսական: