«Առաջին լրատվականում» քիչ առաջ տեղադրված «Մարտի 1-ին Գրիգոր Գևորգյանի գնդակահարությունը» նյութին արձագանքեց նախկին քաղբանտարկյալ, Ազգային միացյալ նախաձեռնության համակարգող Շանթ Հարությունյանը: Նա նշեց, որ այդ տեսանյությում հնչող ռուսերեն լեզվով խոսակցությունը ոչ թե պատահական է, այլ նման է հրահանգի:
«Շնորհակալ եմ այդ նյութը հրապարակելու համար և ցանկանում եմ հանրության ուշադրությունը հրավիրել այդ տեսանյութին և այնտեղ մինչև տեսանյութի 12-րդ վայրկյանը հնչող խոսակցությանը: Մարտի մեկի գործն ուսումնասիրող հատուկ քննչական ծառայությանը կոչ եմ անում լսել այդ խոսակցությունը և պարզել, թե արդյո՞ք դա ռուս հրահանգիչի հրամանը չէ դիպուկահարներին՝ կրակել ժողովրդի վրա»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց Հարությունյանը:
Նա նշեց, որ այս տեսանյութի վերաբերյալ հասարակական լայն քննարկում պետք է ապահովել: Ըստ Հարությունյանի՝ չափազանց կարևոր է պարզել՝ դա պատահակա՞ն խոսակցություն է, թե՞ հրահանգիչի հրաման, ինչն արդեն բավականին էական տեղեկություն կլինի քննչական ծառայության համար.
«Ես անձամբ հակված եմ կարծելու, որ դա դիպուկահարների ղեկավարի, որը կարող է նաև կին լինել, հրահանգն է»: