Թերթը գրում է, որ Սև ծովի վրացական ափերը տրամադրվել են օտարերկրյա, այդ թվում՝ հայ ներդրողներին. «Նրանք արդեն հսկայական ծախսեր են կատարել: Միայն աջարական Բաթում, Քոբուլեթ և այլ բնակավայրերում հայերը 4 միլիոն ԱՄՆ դոլար են ծախսել հյուրանոցային համալիրներ կառուցելու համար: Հատկանշականն այն է, որ տեղի իշխանություններն այդ տարածքները ներդրողներին տրամադրել են անվճար, նաև 15 տարով ազատել հարկային պարտավորություններից: Բաթումի շինարարական դեպարտամենտի ղեկավար Զվիադ Բուչուլաձեն հայտարարել է, որ իրենց առաջարկներին առաջինը արձագանքել են հայերը, և այսօր հայկական ընկերությունները կառուցում են 2 հյուրանոց, որոնց բացումը տեղի կունենա տարեվերջին»:
«Վրացական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Հայկական ընկերության նախագահ Սարգիս Հոգաբեկյանն ասել է, որ չեն պատրաստվում դրանով սահմանափակվել և առաջիկայում նախատեսում են կառուցել նաև առողջարան, որը կգործի ամբողջ տարին: Ծրագրված է նաև հայկական կապիտալով Քոբուլեթ քաղաքում կառուցել նոր համերգային դահլիճ, որտեղ կանցկացվեն էստրադային երգի ամենամյա փառատոն- մրցույթներ»,- հավելում է «Երկիր»-ը: