Անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն աշխատանքային այցին՝ թերթը գրում է. «Թե ո՞րն է նման ացելության իմաստը, բացի այն, որ Տ. Սարգսյանը պատիվ է ունենալու ձեռքով բարևել Արքայազն Չարլզին (գուցե նաև թագուհուն), իսկապես շատ դժվար է ասել: Խոսքը պետության և հասարակության շահի տեսանկյունից այցելության իմաստի մասին է: Հասկանալի է, որ Տ. Սարգսյանը նաև նման այցերով, ինչպես ինքն էր խոստովանել, զբաղվում է «սեփական իմիջով»: (Թեև դժվար է պատկերացնել, որ Նավասարդ Կճոյանի ուղեկցությունը կարող է որևէ մեկի իմիջի վրա դրական հեղինակություն ունենալ): Սակայն ո՞ւմ հաշվին»։
Ապա «168 ժամ»-ը հավելում է. «Բանն այն է, որ այս այցին «առանձնակի շքեղություն» հաղորդելու համար Տ. Սարգսյանը՝ յուր ուղեկիցներով, Լոնդոն է մեկնելու նախագահական ինքնաթիռով, որի թռիչքի և կայանման ծախսերն այդ այցի համար կազմում են մոտ 60,000 ԱՄՆ դոլար: Իհարկե, կարող է պոպուլիստական հնչել, սակայն մի՞թե Հայաստանի նման թշվառ վիճակում գտնվող պետության վարչապետը կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ, այն դեպքում, երբ գոնե business class-ով մեկնելու դեպքում կարելի էր այդ գումարից առնվազն մի քանի տասնյակ հազար դոլարով պակաս ծախսել: Եթե ոչ՝ բյուջեի միջոցներից խնայելու, ապա գոնե՝ Նավասարդ Կճոյանի «Բենթլին» «թարմացնելու» համար»։