Նոյեմբերի17-ը ուսանողության միջազգային օրն է: Հայաստանի բոլոր բուհերում այս օրերի ընթացքում միջոցառումներ են իրականացվում: ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը, Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսխորհրդի նախագահ Էմին Թորոսյանը, ՀՊՄՀ ուսխորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը եւ ԵՊԼՀ-ի ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը այսօր լրագրողներին ներկայացրին տոնի կապակցությամբ արդեն տեղի ունեցած եւ սպասվող միջոցառումների մասին: Ըստ ուսխորհրդի նախագահների` տարեցտարի այս տոնը ուսանողության մեջ սերմանելու եւ տոնի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու խնդիր է դրված: Այս տարի միջոցառումները համակարգելու առումով մասնակցություն է ունեցել Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան: Այսօր ԵՊՀ-ում կշարունակվի միջոցառումների շարքը: Բացի այդ, ԵՊՀ պատմության մեջ առաջին անգամ ուսանողներին տրվելու են ուսանողական խորհրդի մեդալներ.
«Զուտ հասարակական գործունեության, գիտական նվաճումների, մշակութային գործունեության համար 40 ուսանողներ կպարգեւատրվեն ուսխորհրդի բարձրագույն պարգեւով, կլինեն նաեւ մեծ եւ հետաքրքիր անակնկալներ»,- նշել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը: