Ֆրանսիական «Յառաջ» թերթի փոխանցմամբ՝ թուրքական «Ռադիկալ» թերթը նոյեմբերի 26-ին հրապարակել է մի լուր, որի բովանդակությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե Թուրքիայում ինչպիսի գնահատանքի են արժանանում հայերը, հույները կամ հրեաները:
Խոսքը Պոլսի Կազիոսմանփաշա շրջանի Սարըգյոլ թաղամասի մասին է: Այնտեղ 600 շենք դատարկվել ու քանդվել են՝ «երկրաշարժին դիմացող նոր շենքեր» կառուցելու համար: Այդ շենքերը դատարկելիս իշխանությունները թաղի 2500 բնակիչներին երաշխիքներ են տվել, որ նորակառույց շենքերը դարձյալ ու միայն կվաճառվեն թաղամասի բնակիչներին: Բայց այդ խոստումը չի հարգվել, և քաղաքապետարանը որոշել է դրանք վաճառել որևէ գնորդի, ինչը առաջացրել է դժգոհություն: Իրենց կեցվածքը արդարացնելու համար փոխքաղաքապետը, խոսքը ուղղելով դժգոհողներին, «հնարամիտ» կերպով ասել է. «Ինչո՞ւ են առարկում. չէ՞ որ մենք այս հարկաբաժինները արտասահմանի հայերին, հույներին կամ իսրայելցիներին չենք վաճառելու»:
Նրա այս արտահայտությունն էլ իր հերթին է դժգոհության առիթ տվել, ու փոխքաղաքապետը ստիպված է եղել այդ նախադասությունը ջնջել տալ արձանագրություններից: Բայց կրկին հաստատվել է, որ անջնջելի է մնում հայ, հույն, հրեա կամ այլ փոքրամասնությունների նկատմամբ ատելությունը: Արդարև, տվյալ նախադասությունը վկայում է, որ այդ փոքրամասնություններից որևէ մեկ անդամի հարևանությունն ինքնին վանելի երևույթ է:
Այստեղ առկա են ընդհատակյա շատ նուրբ հաշիվներ՝ կապված խնդրո առարկայի հետ: Պարզվել է, որ այդ վայրի մոտակայքում ծրագրվում է Թուրքիայում կառուցել ամենամեծ զբոսավայրը, և այդ պատճառով էլ շրջանի անշարժ գույքի գները սկսել են դառնալ աստղաբաշխական: