«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկայում հայաստանյան մասնավոր բուհերում կանցկացվեն դաժան «սանիտարական» ռեյդեր: Դատական բժշկի որակավորում ունեցող ԿԳ նախարար, մասնագիտությամբ բժիշկ Արմեն Աշոտյանը, ըստ թերթի աղբյուրների, որոշել է կրկին «դիահերձել» մասնավոր բուհերի լիցենզիոն պայմանագրերը, ինչն էլ նշանակում է, որ, ինչպես մասնավոր բուհերի փակման առաջին «պտույտի» ժամանակ, այնպես էլ հիմա, բավականին թվով բուհեր կդադարեցնեն իրենց գործունեությունը:
Ինչո՞վ է պայմանավորված սույն «սանիտարիան», այն կապ ունի՞ Վանաձորի և Գյումրու համալսարանների «խոշորացման» գործընթացի հետ, արդյո՞ք քաղաքական դրդապատճառներ չկան կրկին մասնավոր բուհերին անդրադառնալու հարցում:
Թերթի զրուցակիցներն ասել են, որ մասնավոր բուհերը հիմնականում պատկանում են հանրապետականներին` «քաղաքական շարժառիթ դժվար թե լինի», բայց կարծիք կա, որ մեր նման փոքր հանրապետությունում այդքան բուհական հաստատություններ` նման որակով, նոնսենս է: Ասել կուզի՝ բուհական բիզնես շրջանակները մրցակիցներին վերացնելու ձև են գտել: Քանի՞ բուհ կփակվի. թերթի աղբյուրները չեն կարողացել ասել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:










































