Թայլանդական Նոնգհայ քաղաքում զբոսաշրջիկները տարօրինակ տեսարանի են ներկա եղել: Մեկոնգ գետի ջրից վեր են բարձրացել և օդում լուծվել հարյուրավոր բազմերանգ հրե գնդեր:
Ամեն տարի հոկտեմբերի առաջին լիալուսնի ժամանակ Թայլանդի հյուսիսում և Լաոսում տեղի բնակիչները և հիացած զբոսաշրջիկները կարող են ականատես լինել բնության ֆենոմենին՝ Նագի հրե գնդերին:
Պավարանա տոնի նախօրեին մայրամուտի ժամանակ Մեկոնգ գետի վրա երկինք են բարձրանում բազմագույն գնդեր, որոնք 10-20 մետր բարձրության վրա անհետանում են:
Բնության այդ գաղտնիքն առայժմ գաղտնազերծված չէ: Գիտնականները ենթադրում են, որ հրե գնդերը գետի հոսանքով տեղափոխվող տարբեր նյութերի խմորումների արդյունք են:
Տեղի բնակիչներն այդ հրաշքը յուրովի են բացատրում: Նրանք ենթադրում են, որ յոթգլխանի Նագ օձը, որը գետի մեջ է ապրում, այդպիսով պատվում է Բուդդային:
Հրե գնդերի տոնին ամեն տարի հարյուրավոր զբոսաշրջիկներ են հավաքվում:











































