Վերաքննիչ քրեական դատարանը այսօր որոշեց մերժել 2010 թվականի ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան գործով վերաքննիչ բողոքները: Այս գործով բողոքներ էին բերել բոլոր կողմերը:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի անցած տարվա նոյեմբերի 29-ի վճռով Աշոտ Հարությունյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, Հայրապետյանը՝ երկու տարվա փորձաշրջանով պայմանական ազատազրկման: Աշոտ Հարությունյանին ներկայացվել էր այս գործով ամենածանր մեղադրանքը, որի համաձայն՝ նրա կիրառած բռնությունների հետևանքով է Վահան Խալաֆյանը, պաշտոնական վարկածով, ինքնասպան եղել:
Վերաքննիչ դատարանը նաև որոշեց Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը կիրառել գործով գլխավոր ամբաստանյալ՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանի նկատմամբ՝ նրա պատժի չկրած մասը կրճատելով մեկ երրորդով:
Դատարանը համաներում կիրառեց նաև ամբաստանյալ, Չարենցավանի ոստիկանության օպերլիազոր Մորես Հայրապետյանի նկատմամբ. նա ազատվեց պատժից: