Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ երեկվա դրությամբ ամբողջովին ավարտվել են Կարսի՝ հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները։
Կարսի քաղաքապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ներկայացնող Նևզաթ Բոզքուշը 2006 թվականին կառուցված և 24.5 մետր բարձրություն ունեցող այդ հուշարձանի ապամոնտաժման համար «Ավշին» ընկերությանը հատկացրել է 272,000 թուրքական լիրա (մոտ 179,000 ամերիկյան դոլար):
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Թուրքիայի վարչապետ Էրդողանն այցելել էր Կարս և այդ հուշարձանն անվանել «այլանդակ ու ապամոնտաժման ենթակա»։ Դա միտված էր խորհրդարանական ընտրություններում թուրքական ազգայնական ընտրազանգվածի քվեները ստանալուն։
Կարելի է ասել, որ Էրդողանի այդ պլանը հաջողվեց, քանի որ կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԱԶԿ-ն Կարսի նահանգում ստացավ 61,172 քվե (քվեների 42.62 տոկոսը), մինչդեռ «Ազգայնական շարժում» կուսակցությունը ստացավ ընդամենը 24,763 քվե (17.25 տոկոս)։