Լևոն Արոնյանը վերջին հորիզոնականը զբաղեցրեց Բեռլինում ավարտին մոտեցող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում: Մեր գրոսմայստերը ձախողվեց՝ անցկացնելով բավական թույլ պարտիաներ: Կարևորագույն մրցաշարից առաջ շատ էր խոսվում, որ Արոնյանը կարող է հաջողության հասնել միայն այն դեպքում, եթե կարողանա զսպել հույզերը:
Արոնյանը երկար էր նախապատրաստվել այս մրցաշարին: Անցյալ տարի Թբիլիսիում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում տարած փայլուն հաղթանակից հետո մեր գրոսմայստերը չէր թաքցրել, որ գերնպատակը բեռլինյան մրցաշարում հաղթելն է: Անցյալ տարի Արոնյանի անցկացրած պարտիաներն ուղղակի հիացմունք էին պատճառում: Փորձագետները շարունակ պնդում էին, որ նորվեգացի Մագնուս Կարլսենը վերջապես իրական հակառակորդ ունի, որը կարող է պայքար մղել աշխարհի չեմպիոնի կոչման համար:
«Արոնյանը մեծագույն շախմատիստ է, և ես շարունակում եմ մնալ նրա մեծ երկրպագուն: Ինչ խոսք, հիանալի կլիներ, եթե Արոնյանը Կարլեսնի հետ պայքար մղեր աշխարհի չեմպիոնի կոչման համար, բայց պետք չէ հուսահատվել: Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականը ևս աշխարհի չեմպիոն չի դարձել: Ավելին՝ այս հավաքականին չի հաջողվել ձեռք բերել այս տարի կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Բայց Հոլանդիան եղել է ու կմնա մեծագույն հավաքական, որն ունի միլիոնավոր երկրպագուներ: Արոնյանի խաղը ես կարող եմ նմանեցնել Հոլանդիայի հավաքականի խաղին: Թե՛ հայ շախմատիստը և թե՛ Հոլանդիան դավանում են ստեղծագործ խաղ: Նրանք ուղղակի չեն կարող ամեն գնով հաղթանակ կորզել: Ինչպես հոլանդացի ֆուտբոլիստները՝ Արոնյանը փորձում է հաճույք ստանալ խաղից և ապրում է խաղով: Հայ երկրպագուներին խորհուրդ կտամ չհուսահատվել: Դուք պետք է հպարտ լինեք, որ Արոնյանի պես շախմատիստ ունեք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռուս գրոսմայստեր, շախմատային վերլուծաբան Սերգեյ Շիպովը:
Վերջինիս կարծիքով՝ այս մրցաշարում փայլուն խաղ ցուցադրեց ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան: Վերջինս երեկ կրկին առավելության հասավ Արոնյանի նկատմամբ և մոտ է նվաճելու հաղթողի կոչումը: «Երեկ ականատեսը եղանք պատմական մի իրադարձության: Ողջ Ադրբեջանը երկրպագում էր Լևոն Արոնյանին: Եթե հայ գրոսմայստերը հաղթեր, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյավորը միանձնյա կգլխավորեր մրցաշարային աղյուսակը: Պատմության մեջ դժվար է հիշել մի դեպք, երբ ադրբեջանցիները երկրպագեն Հայաստանի ներկայացուցչին: Արոնյանը ֆենոմենալ դեմք է շախմատային աշխարհում: Նա պարտվեց Կարուանային և ցավալի հարված հասցրեց ադրբեջանցիներին: Կարծում եմ՝ այս պարտությունը Հայաստանում սրերով չի ընդունվի»,- հավելեց Շիպովը:
Արոնյանի հաղթանակի դեպքում Մամեդյարովն այսօր 7.5 միավորով միանձնյա կգլխավորեր մրցաշարային աղյուսակը: Ադրբեջանցի գրոսմայստերը երեկ առավելության հասավ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Հարևան երկրում արդեն իսկ Արոնյանին մեղադրում են միտումնավոր Կարուանային պարտվելու մեջ: Վերջին տուրից առաջ Կարուանան ունի 8 միավոր և կես միավորով գերազանցում է Մամեդյարովին:
«Արոնյանը թաղեց մեր հույսերը: Հայ գրոսմայստերը կարող էր գոնե ոչ-ոքի խաղալ, բայց նա դա չարեց: Չեմ կասկածում, որ եթե Արոնյանը հաղթեր Կարուանային, հայերը նրան անարգանքի սյունին կգամեին: Հայաստանում ողբերգություն կլիներ, եթե Մամեդյարովը հաղթեր հավակնորդների մրցաշարում: Արոնյանն արդեն խայտառակ է եղել՝ կրելով 6 պարտություն: Նման մակարդակի գրոսմայստերի համար սա իրական տապալում է: Պետք է ընդունենք նաև, որ Մամեդյարովը սայթաքեց այս մրցաշարում: Հարկավոր էր ավելի վստահ խաղալ և չհայտնվել նման իրավիճակում: Պարզապես աբսուրդ էր հայի վրա հույս դնելը»,- նշել է ադրբեջանցի շախմատիստ Ասկեր Ռզաևը:
Իրական աբսուրդ կարելի է համարել ադրբեջանցիների նման մեկնաբանությունները: Արոնյանն իրական պրոֆեսիոնալ է, և միտումնավոր պարտվելու մասին պնդումները ծիծաղելի են: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ վերջնականապես կորցնելով մրցաշարում հաղթելու հնարավորությունը՝ Արոնյանն ուղղակի չէր պայքարում: 13-րդ տուրում Կարուանայի հաղթանակը միանգամայն օրինաչափ կարելի է համար: Այս պարտիան Արոնյանի համար մարզական առումով որևէ նշանակություն չուներ: Կարուանան, որը խաղում էր սպիտակ ֆիգուրներով, հենց պարտիայի սկզբում անցնելով սուր գրոհի՝ տիրել էր նախաձեռնությանը և, ցուցադրելով գրագետ խաղ, կարևորագույն միավոր վաստակեց:
Կրելով 6 պարտություն՝ Արոնյանը կտրուկ նահանջել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում: Մեր գրոսմայստերի գործակիցը նվազելով 26.7 նիշով՝ դարձել է 2767: Արոնյանն այս պահին միայն 13-րդ հորիզոնականում է: Հուսանք, որ այս տարի տեղի ունենալիք մյուս մրցաշարերում Արոնյանը կթոթափի լարվածությունը և կբարելավի ցուցանիշը:
Առաջին հորիզոնականում շարունակում է մնալ Կարլսենը: Մամեդյարովը երկրորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Կարուանան: