Ուզում է՝ թող դառնա վարչապետ, Հայաստանը դրանից չի վերանա, բայց թող խոստովանեն, որ խաբել են մեզ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան, գործող նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառում իր վարչապետ դառնալու հնարավորությունը։ Շատերը կարծում են, որ նրա  պաշտոնավարման արդեն երրորդ ժամկետը խիստ բացասաբար կարող է անդրադառնալ Հայաստանի վրա։ Ի՞նչ  վտանգներ եք տեսնում։

Անկեղծ ասած՝ անձամբ ես ենթադրում էի, որ նա այդ քայլին չի գնա։ Ըստ իս՝ նա այսպիսով չափազանց մեծ պատասխանատվություն է ստանձնում։ Վտանգը հետևյալն է՝  եթե նա պետք է անի այն, ինչ մինչև հիմա է արել, ապա դա խիստ բացասական է, իսկ  եթե պետք է ձեռնամուխ լինի լուրջ փոփոխությունների, ապա դա արդեն իր պատվի խնդիրն է։ Այլևս անմիջական պատասխանատու է  դառնալու ամեն ինչի համար։

– Վարչապետ դառնալու վերջնական որոշումը իշխանության ներսում ներքին խռովության առիթ կարո՞ղ է դառնալ։ Վարչապետ Կարեն Կարապետյանը, օրինակ, ևս նման ցանկություն էր հայտնել, ավելին՝ չի հստակեցնում ՝ արդյոք կհամաձայնի՞ առաջին փոխվարչապետի պաշտոնին։

Չեմ կարծում, որ ներքին դիմակայություն կարող է լինել։ Բայց  վստահ եմ մեկ այլ հարցում՝ ինչ որոշի Սերժ Սարգսյանը, դա էլ տեղի կունենա։ Իհարկե, կուսակցությունը չի կարող նրան պարտադրել դառնալ վարչապետ, եթե նա դա չցանկանա, բայց եթե ցանկանա, ոչ ոք չի կարող դրան խոչընդոտ լինել։ Որոշողն ինքն է լինելու, մնացածը պետք է փաստն արձանագրեն ու դրան համապատասխան լեգիտիմ շղարշ տան։ Կրկնում եմ՝ եթե նա ընդունում է այդ որոշումը, ապա  բավականին լուրջ անձնական պատասխանատվություն է ստանձնում ու իր վրա է վերցնում ամեն ինչ։ Այլևս հնարավոր չի լինի ասել՝ այս կամ այն վարչապետը լավ չաշխատեց, ու այդպիսով խուսափի պատասխանատվությունից։ Նա այլևս պետք է ձեռնամուխ լինի բավականին լուրջ փոփոխությունների. կստացվի՞, թե՞ ոչ՝ կարող եմ ասել, որ ցանկության դեպքում կկարողանա դա անել։

– Եթե նա այդ ամենը չի արել 10 տարի շարունակ, ինչո՞ւ պետք է հույս ունենանք, որ հիմա կանի։

– Ես չասացի՝ հույս ունեմ, ասացի՝ կարող է անել։ Որևէ բան չկա այսօր, որ նրան խանգարի  լուրջ փոփոխություններ իրականացնելու։ Միակ խանգարող բանը այն բոլոր մարդիկ են, ովքեր այս օրերին հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը պետք է մնա։ Իսկ այդ մարդիկ շահագրգռված չեն լուրջ փոփոխություններ տեսնել երկրում։ Եթե ցանկանա փոփոխություններ իրականացնել, ապա այդ մարդիկ հարմարվելու շատ մեծ հատկություն ունեն։

– Իսկ ինչո՞ւ Հայաստանում ստեղծվեց մի մթնոլորտ, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է։ Կարծիք կա, որ եթե նա չլինի իշխանության ղեկին, ամբողջ համակարգը կարող է փլվել։

Դա առանձին վերլուծության խնդիր է։ Իհարկե, դա խոսում է այն մասին, որ պետության քաղաքական ու տնտեսական համակարգում կան լուրջ արատներ։ Տասը տարվա ամենացայտուն բացասական գնահատականը հենց այն է, որ նա փոխարինող չունի։ Չի էլ կարող ունենալ, այն մթնոլորտը ու աշխատելաոճը, որ կիրառվում է, բերում է անապատացման։ Եթե բացակայում են հավասար պայմանները, մրցակցությունը, հաստատվում է քաղաքական մենաշնորհ, ապա առաջին դեմքին փոխարինող չի կարող լինել։ Սա իր ստեղծած մթնոլորտի դառը պտուղն է։ Ստացվում է, որ այնտեղ ոչ թե կուսակցություն է, այլ ձայնակցողների մի համախումբ մեկ անձի շուրջ։ Ընդ որում, դա բոլորին ձեռք է տալիս, որովհետև վերջին պահին կարող են ասել՝ դե մենք ի՞նչ կարող ենք անել, ինքն է մեղավոր։ Ես այդ պատճառով էլ նշում եմ, որ նա չափազանց մեծ պատասխանատվություն է ստանձնում։ Այս կոլեկտիվ անպատասխանատվության մթնոլորտը շատերին ձեռք է տալիս, որը շղարշվում է գեղեցիկ, ականջահաճո մտքերով։ Բայց դա իրականության հետ որևէ աղերս չունի։

– Կարծում եք՝ այսօրվա ընդդիմությունը ունի՞ որևէ ռեսուրս խափանելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը։ Օրինակ՝ «Քաղպայմանագիրը» հանրահավաքների ու նստացույցերի շարք է նախաձեռնում այդ օրակարգով։

Մենք այսօր կարող ենք մատնանշել 4-5 քաղաքական կառույց, որոնք իրենց ընդդիմություն են համարում։ Գուցեև ընդդիմություն են, ես ոչինչ չեմ բացառում, բայց այն, որ այդ հարցի շուրջ իրենք միասնական ճակատ չեն կազմում, ենթադրում է, որ ինչ-որ բան այն չէ։ Այսինքն՝ կա՛մ իրենք իրական ընդդիմություն չեն, կա՛մ էլ իրենց բարձրացրած հարցը միայն իրենց վարկանիշի բարձրացման համար է։ Բնական է, որ դա ցանկալի արդյունք երբեք չի տա։ Եթե կարևորը ոչ թե նպատակն է, այլ միջոցը, ապա դա ցանկալի արդյունքի երբեք չի բերում։ Նպատակը պետք է կարևորել և նոր համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Ենթադրում եմ, որ դա օգտակար գործողություն է ամեն դեպքում։ Ավելի լավ է ինչ-որ բան անել, քան ոչինչ չփորձել։

– Բայց մյուս կողմից էլ՝ ինչպե՞ս միավորվեն Նիկոլ Փաշինյանն ու Սեֆիլյանի կոչով ձևավորված ճակատը։ Մի մասը դեմ չէ զենքով պայքարին, իսկ Նիկոլ Փաշինյանը դա կարմիր գիծ է համարում։

– Դրանք տեխնիկական հարցեր են. եթե նպատակն ընդհանուր է, ապա միշտ էլ կարելի է եզրեր գտնել։ Եթե իրական նպատակն այլ է, իսկ իրենք ուրիշ բան են հռչակում, ապա երբեք էլ ընդհանուր եզրեր չեն գտնի։ Մի բան է՝ ես բողոքեմ ժողովրդի ծանր վիճակից, որպեսզի իմ մասին լավ խոսեն, իսկ մի բան է, թե ես ինչպես անեմ, որ  ժողովրդի վիճակը լավանա։ Եթե մեր նպատակը ժողովրդի վիճակը լավացնելն է, ապա պետք է ընդհանուր եզրեր գտնենք։

Մենք պետք է այլ հարց նայենք՝ առ այն,  թե ինչ իրավիճակ է ստեղծվել երկրում։ Հիմա Սերժ Սարգսյանն ասում է՝ եթե դառնա վարչապետ, կզբաղվի նաև երիտասարդներին կրթելով։ Մենք մոռանում ենք, սակայն, որ երբ մենք խորհրդարանական կառավարման համակարգին էինք անցնում, նա  երկու բան ասաց։ Առաջինը. ասաց՝ գտնում է, որ  դա ճիշտ չէ, հետո ասաց՝ բացառվում է, որ ղեկավարի երկիրը, մոտավորապես հետևյալ ձևակերպմամբ՝ նույն մարդը երրորդ անգամ չպետք է ղեկավարի։ Փաստորեն Սերժ Սարգսյանը  դա ասաց, որ ավելի շատ մարդ քվեարկի Սահմանադրության օգտին։ Ես այդպես եմ հասկանում, այլ ի՞նչ իմաստ ուներ նրա այդ հայտարարությունը։

Ասում են՝ Մերկելը 4 անգամ ղեկավարել է երկիրը, ուրեմն Սերժ Սարգսյանն էլ կարող է։ Այո՛, կարող է, բայց Մերկելի պարագայում այլ իրավիճակ էր՝  նա է ղեկավարել ողջ քարոզարշավը։ Բոլորը գիտեին, որ ընտրելով այդ կուսակցությանը՝ Մերկելին են վարչապետ ընտրում։ Իսկ մենք  գիտեինք, որ վարչապետը կամ Վիգեն Սարգսյանն  է լինելու, կամ Կարեն Կարապետյանը, մեկն առաջին համարն էր, մյուսն էլ՝ գործող վարչապետը։ Հիմա դուրս է  գալիս՝ մարդիկ խաբվել են։ Խորհրդարանական համակարգի էությունն այն էր, որ ընտրարշավը ղեկավարողը նաև վարչապետ դառնար։ Մենք այս ամենը արհամարհում ենք։ Ի՞նչն էր խանգարում նրան ղեկավարել քարոզարշավը՝ միայն այն, որ շատ քիչ ձայն կհավաքեր։ Ժողովուրդը ձայն է տվել Կարեն Կարապետյանին ու Վիգեն Սարգսյանին, թող նրանցից մեկին նշանակեին վարչապետ։ Ի դեմս առաջին եռյակի են կուսակցություն ընտրում. մեզ հետ, փաստորեն,  անկեղծ չեն եղել։ Ես դա մի կողմ եմ դնում, որովհետև Հայաստանը չի վերանա, եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ։ Ուզում է՝ թող դառնա, բայց գոնե թող խոստովանեն, որ խաբել են ժողովրդին։ Պնդում են՝ ում կուզենք, նրան էլ կնշանակենք, բայց այդպես չէ։ Սա խորհրդարանական համակարգի օրինաչափություն չէ։ Ես գտնում եմ, որ Սերժ Սարգսյանը, այո՛, Կարեն Կարապետյանից ու Վիգեն Սարգսյանից ավելի պատրաստված ու հղկված ղեկավար է, բայց մի բան է մարդու ունակությունները, այլ բան է՝ կիրառո՞ւմ է այդ ունակությունները, թե՞ ոչ։ Հիմա դառնալով վարչապետ՝ ի՞նչ է  անելու։ Եթե նա ցանկանա, իր փորձով ու գիտելիքով շատ բան կարող է փոխել, բայց իր շրջապատը երբեք դրան համաձայն չի լինելու։ Կկարողանա՞ դա հաղթահարել, ըստ իս՝ ոչ, որովհետև չունի հասարակական հենարան, նա ընտրություններով չի ընտրվել։ Համարձակ աշխատում է նա, ով ձայն է հավաքում, ոչ թե 10 հազար դրամ բաժանում։ Հիմա այս վիճակում մենք ի՞նչ ենք սպասում նրա վարչապետությունից։ Եթե որոշել է  դառնալ, կդառնա, բայց ես դրան դեմ չեմ։ Այնպես են աշխատել, որ պատրաստված փոխարինող չկա, այդ թվում՝ ընդդիմության շարքերում։

Հիմա առաջնային են  համարվում ոչ թե հասարակության խնդիրները, այլ այն 30-40 ընտանիքները որոնց ձեռքերում են  ֆինանսական ռեսուրսները։ Առայժմ Սերժ Սարգսյանը նրանց նախագահն է, ոչ թե ժողովրդի,  ու հիմա էլ պետք է լինի նրանց վարչապետը։ Եվ եթե այդպես է, ավելի լավ է՝ չլինի։ Կուզենա՞ լինել ՀՀ քաղաքացու վարչապետը՝ լավ, բայց  եթե նորից  լինելու է  այդ 30-40 ընտանիքի  հաշտարարը, որ իրար չուտեն, խիստ բացասական եմ  գնահատում։