Ստեփանավանի օդանավակայանը ԱԻՆ տնօրինությանը հանձնելը ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ճիշտ է համարում, սակայն նաև դրա հետ կապված մտահոգություններ ունի, քանի որ ԱԻ նախարարը նշել է՝ շահագործվելու են Ռուսաստանի ուղղաթիռները՝ տեխնիկայի պակաս ունենալու պատճառով: Նոյեմբերի 22-ին «Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկերի նվազեցման, աղետների վաղ ազդարարման եւ դիմակայման համակարգի ստեղծումը եւ զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներին Արզումանյանը նախարարից հետաքրքրվեց՝ այդ ուղղաթիռներն ի՞նչ պայմանագրային հիմունքներով են շահագործվելու: «Ի՞նչ երաշխիքներ կան, որ այսօր Ստեփանակերտի օդանավակայանին չի սպառնում Էրեբունի օդանավակայանի ճակատագիրը, այսինքն՝ այնպես չլինի, որ մի օր պարզվի՝ դա ռուսական բազայի օդակայանն է»,- ասաց նա: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ պետական ռեզերվներ ունենալու ենք աղետների ժամանակ: Ներկայումս կառուցվող երկու ամսվա ռեզերվները լինելու են Հայաստանինը և Ռուսաստանինը, կլինի նաև առանձին ՀԱՊԿ անդամ երկրների ռեզերվ, որը, ըստ նախարարի, առաջին պարագայի օգնության ռեզերվ է լինելու՝ Հայաստանի Հանրապետության և երրորդ երկրների: «Այստեղ, կարծում եմ, որ հումանիտար կենտրոն ենք մենք ունենալու, և այնտեղ, բացի առաջին պարագաներից, կլինեն նաև տեխնիկական միջոցներ, որոնք օգտագործելու ենք ՀՀ-ում:
Ստեփանավանի օդանավակայանը ՀՀ ԱԻ նախարարությանն է տրամադրված, ՌԴ և ՀԱՊԿ անդամ երկրների կողմից միայն տեխնիկան է լինելու, սպասարկումը, անձնակազմը լինելու է մեր կողմից, իրենց օդաչուներն են լինելու այստեղ, բայց ամբողջությամբ դա լինելու է մերը»,- ասաց նախարարը:
Նա նաև նշեց, որ իրենք չեն տրամադրում դա ՌԴ-ին կամ ՀԱՊԿ անդամ երկրներին: Նախարարի խոսքով՝ ծանր ուղղաթիռները՝ ՄԻԳ-26-երը, մեզ շատ են պետք անտառային հրդեհների ժամանակ, դրանք շատ թանկ հաճույք են, և եթե այստեղ լինեն, կարելի է դրանք համատեղ օգտագործել:









































