Համացանցում էլեկտրոնային լրտեսումից պաշտպանության մասին բանաձևի նախագիծը համաձայնեցվել է և կքննարկվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեի նստաշրջանի ժամանակ՝ նոյեմբերի 26-ին: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է փաստաթղթի համահեղինակ երկրներից մեկի ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ երկշաբաթյա խորհրդակցությունների ընթացքում բանաձևի «սևագրության» մեջ ներառվել են «որոշ փոփոխություններ և լրացումներ, սակայն «գլխավոր տարրերն անփոփոխ են մնացել»:
«Դա մասնավոր կյանքի պաշտպանության իրավունքն է համացանցային լրտեսությունից, որը տեղի է ունենում ինչպես ազգային, այնպես էլ տարածքային մակարդակով, ինչպես նաև մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարին ուղղված դիմումը՝ հաջորդ տարի այս խնդրի շուրջ զեկույց նախապատրաստելու խնդրանքով»:
Գործակալության զրուցակիցը բանաձևի քննադատներին խորհուրդ է տվել դրան նայել «նման լրտեսության պոտենցիալ զոհի տեսանկյունից»:
Փաստաթղթի համահեղինակները չեն կասկածում, որ այն կընդունվի:










































