«Ես չեմ կարծում, որ իրատեսական է սպասել ինչ-որ լուրջ փաստաթղթի ստորագրման, Կազանում դրա հավանականությունը քիչ է: Առավելագույնը, ինչ կստորագրվի Կազանում, կլինի մի բավականին ընդհանրացված փաստաթուղթ, որը կմերժի ուժի միջոցով հարցի լուծումը»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սկակովը:
Նրա կարծիքով, կազանյան հանդիպումից առաջ հնչող հայտարարություններն ավելի շուտ ոչ թե լավատեսական են, այլ կոնֆլիկտի կողմերի վրա ճնշում գործադրելու մեթոդ:
«Բանն այն է, որ այժմ ԼՂ խնդրի շուրջ բավականին վտանգավոր զարգացումներ կան պատերազմի վերսկսման առումով, այսօր պատերազմի հավանականությունն ավելի մեծ է, քան մեկ տարի առաջ, և Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահների դովիլյան հայտարարության պատճառը հենց իրավիճակի վատթարացումով էր պայմանավորված: Սա ցույց էր տալիս, որ խնդրի ռազմական լուծումն անընդունելի է»:
Սկակովի գնահատմամբ՝ հնարավոր է, որ դովիլյան հայտարարությունը բավականին խիստ չէր և կարող էր ավելի խիստ լինել, բայց ակնհայտ է, որ դրա իմաստը պատերազմական գործողությունների հավանականությունը թուլացնելն էր. «Իսկ այն հայտարարությունները, թե կան լավատեսական միտումներ և առաջընթացի հնարավորություն, հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ ցանկություն կա կողմերին մղել հանգելու փոխզիջումային լուծման»: