Հայաստանում բողոքի ակցիաները ոչ միայն չեն նվազում, այլև պարբերաբար համալրվում են նորանոր խմբերով. երեկ կառավարության մոտ բողոքի ակցիա էին անցկացնում «Ընդդեմ կենսաթոշակների պարտադիր վճարների» նախաձեռնության անդամները, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մոտ հավաքվել էին ամիսներով աշխատավարձ չստացած «Նաիրիտ»-ի աշխատակիցները, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կենտրոնական մասնաշենքի մոտ` ՀԷՑ աշխատակիցները, որոնց տնօրեն Ա. Բիբինը հրահանգել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել:
«Ժողոբվուրդ» օրաթերթը գրում է, որ այս ամենը վկայում է, որ ՀՀ-ում առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև գնալով ավելանում ու ընդլայնվում են: Ընդ որում, ՀՀ իշխանություններից բացի՝ ՀՀ քաղաքացիների դեմ խնդիրներ են հարուցում արդեն ռուսները` ի դեմս ՀԷՑ ղեկավար Ա. Բիբինի, որը ձեռնամուխ է եղել գործազուրկների բանակը համալրելու գործին: Հիշեցնենք, որ նույն Բիբինը ժամանակին հայտնվել էր հայ իրավապահների տեսադաշտում, երբ հարկային ծառայությունը, ստուգումներ անցկացնելով ՀԷՑ-երում, պարզել էր, որ այնտեղ հարկեր են թաքցնում, և ընկերությունը տուգանվել էր 1.9 մլրդ դրամով: Ի դեպ, ՀԷՑ-ում շարքային աշխատակիցների աշխատավարձը կազմում է միջինը 120, մարզերում՝ 60 հազար դրամ, իսկ կենտրոնական ապարատի ներկայացուցիչների աշխատավարձը մի քանի միլիոն դրամ է, ինչը ևս դժգոհության առիթ է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































