Հյուսիսային Իռլանդիայում ավտոբուսի կին վարորդը հրաժարվել է օգնել ահաբեկիչներին, ովքեր պահանջել են ռումբը հասցնել Լոնդոնդերիի ոստիկանության գլխավոր վարչություն: Վարորդը ոստիկանություն է կանչել, հայտնում է Associated Press-ը:
Ինչպես նշվում է, սև դիմակներով 2 տղամարդ մտել են ավտոբուս և ձեռքի պայուսակը, որում եղել է պայթուցիկ սարքը, թողել են ավտոբուսի սրահում՝ խնդրելով կնոջն այն հասցնել ոստիկանական բաժանմունք:
Կինը խոստացել է ահաբեկիչներին այդպես էլ անել, սակայն վերջիններիս գնալուց հետո ոստիկանություն է կանչել:
Ոչ մի խմբավորում կատարվածի համար պատասխանատվությունն իր վրա չի վերցրել, սակայն իշխանությունները հակված են մտածել, թե ահաբեկչության հետևում կանգնած է «Իռլանդիայի հանրապետական բանակ» կազմավորումը:











































