
Հավաքվում ենք հարգելու Արթուրի հիշատակը, հավաքվում են ոգեշնչվենք, ևս մեկ անգամ իմաստավորենք այն պայքարը որը սկսել էր մեր «Հաց բերողը» ու իրար խոսք տանք, որ Արթուրի և մյուս հայրենակիցների` Հայաստանի ազատագրման պայքարը շարունակում ենք, այսպիսի ուղերձով էր «Հանուն Հայաստան պետության» ճակատն այսօր մարդկանց հրավիրել Ազատության հրապարակ: Հանրահավաքի անոնսն արդեն իսկ հակաքաղաքական է, որովհետև նույնիսկ նշանային կերպարի մահվան տարելիցը չի կարելի որպես առիթ օգտագործել, հեղափոխական կոչեր հնչեցնելու, ատելություն տարածելու համար: Երբ քաղաքականությունը ձերբազատված չէ միստիկայի բաղադրիչից, կորցնում է իր բովանդակությունը, ռացիոնալությունը: «Հաց բերողն» իր արարքով որոշակի բարոյական նշաձող սահմանել է, բայց այդ մարդու լուսավոր հիշատակը չի կարելի ստվերել քաղաքական լուզերի հերթական հրապարակային դրսևորմամբ: Այսօրվա հանրահավաքի կազմակերպիչները ե՞րբ են տեսել, որ Արամ Սարգսյանը կամ Ստեփան Դեմիրճյանը Հոկտեմբերի 27-ի տարելիցի օրերին հանդես գան ամպագոռգոռ քաղաքական հայտարարություններով: Կամ մի՞թե այնքան աղքատիկ է Ճակատի քաղաքական օրակարգը, որ հնարավոր չէ հասարակությանը մոբիլիզացնել ոչ թե մարդու հիշատակի, այլ` կոնկրետ ծրագրերի և գործողությունների մոտիվով:
Ազգային հեղափոխությունը ոչ թե հիշատակի ծես է, այլ քաղաքական ծրագիր, գործընթաց: Մեր հասարակությունն ավելի հասուն է և հասու է աքսիոմատիկ այս ճշմարտություններին: Պատահական չէ, որ մարտի 10-ի 300 մարդու փոխարեն` այսօր հրապարակ էին եկել 200-ը:
Գուցե պարադոքսալ հնչի, սակայն այսօր Ազատության հրապարակում քաղաքականություն հիշեցնող միակ ելույթն ունեցել է «Արժեքների հեղափոխության» բանտարկված առաջնորդի` Շանթ Հարությունյանի որդին` Շահենը: Նա ասել է, որ Արթուր Սարգսյանը պատասխանատվության զգացում դրեց մեր, մեր արժեքների, մեր գաղափարների և մեր պայքարի առջև։
Պատասխանատվության զգացման հորդորը, առաջին հերթին, հասցեագրված է այսօրվա հանրահավաքի կազմակերպիչներին: Սկզբունքորեն անպատասխանաու վարքագծի դրսևորում է Ազատության հրապարակ վերադառնալ` առանց ծրագրի և նոր բովանդակության: Անպատասխանատու վարքագիծ է 200 մարդու ներկայությունը հեղափոխություն անվանելը, որովհետև դա քաղաքականությունը սպանելու ամենակարճ ճանապարհն է: Այնպիսի տպավորություն է, որ Ճակատի գործիչները նպատակային վարկաբեկում են ընդդիմությանը և լեգիտիմացնում են Սերժ Սարգսյանի վարչապետությունը: Նրանք, ըստ ամենայնի, որոշել են հանրահավաք անցկացնել շաբաթը մեկ անգամ: Ազատության հրապարակում հնչող ագրեսիվ և հայհոյախառն ելույթներն իշխանությանը որևէ կերպ չեն վնասում, թերևս հակառակը` ՀՀԿ-ում ամեն շաբաթ կարող են արձանագրել, որ Սերժ Սարգսյանի վարչապետությանն ընդդիմանում են ընդամենը 200-300 մարգինալներ` իրենց ագրեսիվ խոսքով, որակումներով: «Ծռությունը» մեկ անգամ արդեն սաստիկ հարված հասցրել է Հայաստանի քաղաքական համակարգին, երբ ՊՊԾ տարածքի գրավումով, խորհրդարանական ընտրություններից առաջ, հանրային տրամադրությունների արմատականության փլատակների տակ թողեց ընդդիմադիր դաշտը` ակամայից անուրանալի ծառայություն մատուցելով Սերժ Սարգսյանին: Երկրի համար չափազանց մեծ շռայլություն կլինի, եթե հիմա Սերժ Սարգսյանի անձնակենտրոն իշխանության ընդդիմության կարգավիճակում հանդուրժենք «մաուզերիստական» մտածողություն ունեցող ուժերին, որոնց միակ «առաքելությունը»` նույնիսկ անենադեսպոտ իշխանության լեգիտիմության ամրապնդումն է:
Լուսանկարը՝ Photolure-ի